MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու քահանա Տեր Տարոն Թադևոսյանի շնորհավորական ուղերձը
17:43, 08.01.2016
8817 | 0

Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու քահանա

Տեր Տարոն Թադևոսյանն ամփոփել է տարին և իր

շնորհավորական ուղերձը հղել հայ համայնքին



Սիրելի քույրեր և եղբայրներ,

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՏՆԵՑԱՒ բերկրալի ավետիսով շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ և մաղթում, որ Փրկչի շնորհները շեն ու պայծառ պահեն ձեր ընտանեկան օջախները, քաջառողջության և բյուր օրհնության արժանացնեն բոլորիդ:
2015 թվականը ևս դարձավ պատմություն: Նոր տարի մուտք ենք գործում աղոթքով, հույսով ու հավատքով, եկեղեցաշեն նորանոր ծրագրերով ու դրանց իրականացման պատրաստակամությամբ:
Փառք ենք տալիս Աստծուն, որ անցնող տարում Իր օրհնությամբ կարողացանք մի շարք հաջողություններ արձանագրել մեր համայնքային կյանքում: Միասնաբար կազմակերպեցինք մի քանի միջոցառումներ, իրականացրեցինք որոշ ծրագրեր, որոնցից առավել կարևորները կցանկանայնք հանձնել ձեր ուշադրությանը:
Առաջին կարևոր միջոցառումները Ցեղասպանության 100 ամյա տարելիցի նվիրված ոգեկոչման արարողություններն էին: Սուրբ Հոգի եկեղեցու վարչությունը, բացի հայկական խաչքարի մոտ կազմակերպած հոգեհանգստայն արարողությունից, համայնքի ներկայացուցուցիչների համար հնարավորություն էր ստեղծել ուղիղ միացումով եկեղեցում հետևելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող սրբադասման արարողությանը: Ուղիղ միացումով կապ էր հաստատվել նաև տարբեր երկրներում և Մայր Հարենիքում այդ պահին Սրբադասման արարողությանը հետևող բոլոր համայնքների հետ: Արարողությանը ներկա էին քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր:
Եկեղեցու վարչությունը կազմակերպել էր նաև «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդես:
Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին իրենց ավանդն ունեցան նաև մեր եկեղեցու ԱՅՕ երիտասարդաց միության անդամները, ովքեր մաս էին կազմել Հոլանդիայում Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի: Ոգեկոչման միջոցառում կազմակերպվել էր նաև Սուրբ Գրիքոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցում: Դպրոցի սաները հանդես եկան ասմունքներով և բեմադրությամբ:
Հաջորդ կարևոր իրադարձությունը, որ կազմակերպել էր մեր եկեղեցական համայնքը, Մեռոնօրհնության կապակցությամբ դեպի Հայաստան ուխտագնացությունն էր: Սեպտեմբերի 19-ից 28-ը Ամստերդամի և Ալմոլոյի համայնքներից շուրջ 31 հավատացյալ հայորդիներ, որոնցից շատեր առաջին անգամ էին գտնվում Հայաստանում, առիթ ունեցան շրջելու Հայաստանի գրեթե բոլոր պատմական վայրերով, իսկ շրջագայության վերջում՝ սեպտեմբերի 27-ին, մասնակցեցին Մեռոնօրհնության արարողությանը:
Հիշարժան արարողություններից էր նաև Սուրբ Հոգի եկեղեցու 300 ամյակին նվիրված միջոցառումը: Ինչպես տեղյակ եք, նախորդ տարում սկիզբ դրվեց եկեղեցու 300 ամյակին նվիրված հոբելյանական տարուն: Այս տարի հոկտեմբեր ամսին կազմակերպվեց գլխավոր միջոցառումը: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու և համայքի 300 ամյակի կապակցությամբ իր օրհնության գիրն էր հղել ազգիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգի Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին Սրբության օրհնության գիրն ընթերցեց հատուկ այդ նպատակով Ամստերդամ ժամանած Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը: Սուրբ Հոգի եկղեցական համայնքին իր շնորհավորական խոսքն էր ուղել նաև ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը: Նախագահի ուղերձն ընթերցեց հայտուկ այդ նպատակով Ամստերդամ ժամանած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Կաթոլիկ եկեղեցու Ամստերդամ-Հարլեմի եպիսկոպոս Գերաշնորհ Սրբազան Հենդրիկսը, Ամստերդամի «Աուդը կերկ» -ի հոգևոր հովիվ Էդդի Ռեֆհաուսը, Ռուս ուղափառ եկեղեցու ներկայացուցիչը, Եկեղեցիների համաշխարհայի խորհրդի Ամստերդամի ներկայացուցիչ Հենկ Մյուլնիկը և այլոք: Արարողությանը ներկա էին նաև Ասորի, Ղպտի և Ռուս Ուղափառ եկեղեցիների առաջներդներ և հոգևորականներ:
Հիշարժան օր էր նաև Սուրբ Հոգի եկեղեցուն նվիրված բարեգործական ճաշկերույթը (Մատաղօրհնությունը) (traditionele benefietdiner (mataghzegening) ): Այս տարի արարողությունը հանդիսապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 300 հոգի:
Անցնող տարում մեր ծխական համայնքն ակտիվ էր նաև միջեկեղեցական կյանքում: Այցելություններ եղան Ասորի եկեղեցու գահակալի այցելության կապակցությամբ, Ղպտի եկեղեցու գահակալի այցելության կապակցությամբ, Ամստերդամում բոլոր քրիստոնեական համայնքների հետ մասնակցեց խաչապտույտ, մասնակցեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Ամստերդամյան մասնաճուղի ժողովներին և այլն:
Այս տարում ավարտին հասցվեց նաև եկեղեցու նոր վեբ կայքի աշխատանքները: 2016 թվական մուտք կգործենք նոր վեբ կայքով, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Հրանտ Բաղդասարյանին:
Ինչպես տեղյակ եք մեկ ու կես տարի է, որ ԱՅՕ երիտասարդական միության օգնությամբ ու նախաձեռնությամբ իրակնացվում են Սուրբ Գրքի դասընթացներ: Անցնող տարում մեկնարկեցինք Սուրբ Գրքի սերտողության մի նոր ծրագիր՝ «Սուրբ Գրքի սերտողություն տնային միջավայրում», ինչը հնարավորություն է տալիս մեր ժողովրդին իրենց հարմար պայմաններում և իրենց հարմար ժամին և օրը հաղորդակից լինել Սուրբ Գրքի ճշմարտություններին, ինչպես նաև ավելի անկաշկանդ միջավայրում իրենց հուզող հարցերն ուղել հոգևորականին:
Իր հաջող ընթացքի մեջ է նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցը: Չնայած հանդիպող դժվարություններին, դպրոցն արձանագրում է հաջողություններ: Անցնող տարում նոր աշակերտներ և ուսանողներ համալրեցին դպրոցի աշակերտների թիվը: Ներկայումս դպրոցն ունի շուրջ 75 աշակերտ: Այս տարի, ամավերջյան հանդեսի ավարտի դպրոցի սաները այբբենարանն ավարտելու կապակցությամբ պատվոգրեր ստացան: Դպրոցն անցնող տարում կազմակերպեց նաև մի քանի բաց դասախոսություններ: Հայ լսարանի առջև անցնող տարում ելույթ ունեցան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ամստերդամի «Աուդը կերկ» -ի հոգևոր հովիվ Էդդի Ռեֆհաուսը և այլոք:

Շնորհիվ պարուսույց տիկին Ռիտայի, հաջող ընթացք ունեցավ նաև եկեղեցու ազգային պարերի խմբակը: Շուրջ 20 և ավելի երիտասարդներ ամեն շաբաթ եկեղեցու հարկի տակ ստանում են հայկական ժողովրդական պարերի դասեր: Վերջիններիս, առաջին անգամը լինելով, նոյեմբերի 29-ին, Սուրբ Հոգի եկեղեցուն նվիրված ամենամյա բարեգործական ճաշկերույթին հանդես եկան մի քանի ազգային պարերով` ներկաներին ոգեշնչելով և ազգային մշակույթի հանդեպ ունեցած սերն էլ ավելի ջերմացնելով:
Եկեղեցու կամավոր աշխատողների թիվը ևս ընդլայնվեց: Շնորհակալությամբ պիտի նշենք, որ այս տարում մեր աշխատանքներին միացան Սարո Այքազն ու Ալեքս Չակմակը, ովքեր օգնում են հաշվապահական հարցերում, Դենիս Թամարն ու Մարիամ Կիրակոսյանը, ովքեր օգնում են տարբեր միջոցառումներ լուսանկարելու և լուսաբանելու հարցում, Դավիթ Ավագյանն ու Վալենտինա Բեգլարյանը, ովքեր օգնում են հայերեն տեքստերը հոլանդերենի թարգմանելու հարցում: Այս առիթով մեր շնորհակալություններն ենք հայտնում նաև մեր մյուս կամավոր աշխատողներին` եկեղեցու վարչությանը, տիկնանց միության անդամներին, երիտասարդական միության անդամներին, դպրաց և սարկավագաց դասին, դպրոցի ուսուցչական կազմին, ովքեր տարիներ շարունակ իրենց ջանքն ու եռանդն են ներդնում եկեղեցական համայնքը պահելու, պահպանելու և ծաղկեցնելու նվիրական գործում:
Սիրելիներ, Սուրբ Հոգի եկղեցին ունի դեռ շատ ու շատ ծրագրեր որոնք կյանքի պիտի կոչվեն գալիք տարում: Մենք առավել հաջողությունների ենք հասնում այն ժամանակ, երբ դադարում ենք անհատաբար գործելուց. մեր ուժերն ի մի բերելով և միասնաբար աշխատանքով կարող ենք ավելի շատ հաջողությունների հասնել: Լիահույս ենք, որ մեր ապագա ծրագրերն իրականցնելու ճանապարհին դարձյալ միասնական ուժերով, սիրով ու ջերմեռանդությամբ պետք է հաջողություններ արձանագրենք մեր համայնքային կյանքում:
Աղոթենք և հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդյան շնորհները տարածվեն համայն աշխարհում, խաղաղությունն և համերաշխությունը ուղեկից լինեն բոլոր ժողովրդներին և սերն ու երջանկությունը թագավորեն բոլոր ընտանիքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Տեր Տարոն քահանա Թադևոսյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
to top