Երեկ Բաթումիի պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Miss Planet 2016» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ԱՆՆԱ ԼՈՌԵՑՅԱՆԸ: 17-ամյա գեղեցկուհին «Թոփ մոդել Հայաստան 2014» մրցույթի 2-րդ մրցանակակիրն է եւ վերոնշյալ մրցույթին մասնակցելու իրավունքը ստացել էր «Թոփ մոդելՀայաստան» ազգային ասոցիացիայի կողմից` ներքին քվեարկությամբ: Աննա Լոռեցյանը մոլորակի գեղեցկուհիների շարքում հայտնվեց Բարձր Հայքի կանացի տարազով, որի հեղինակը դիզայներ ՆԵԼԼԻ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ էր, իսկ մնացյալ հագուստները տրամադրել էր «Մալոյան» նորաձեւության տունը: Արդյունքում մրցույթից մեր հայրենակցուհին դատարկաձեռն չի վերադառնում, այլ միջազգային հեղինակավոր մրցույթների նոր հրավերներով: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Miss Planet» միջազգային հեղինակավոր մրցույթի ազգային տնօրեն «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի պաշտոնական էջից: Հիշեցնենք, որ միջազգային ժյուրիի կազմում էր նաեւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ումից էլ դեռ կփորձենք մանրամասներ պարզել մրցույթից: Ի դեպ, Հայաստանն այս մրցույթին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարի մեր մասնակիցը` 17-ամյա ԴԱՅԱՆԱ ԴԱՎԹՅԱՆՆարժանացավ «Միսս էլեգանտ» տիտղոսին: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ |