MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +20 °C Tomorrow:+23 °C
.«90-ականներին ավտոմատի, զինվորի կռիվ էր, իսկ հիմա…». Նորիկ Շահգելդյան . «Հայորդի» ամսաթերթ
08:37, 23.06.2017
3362 | 0

Ծնվել է 1959 թ. մարտի 18-ին Արարատի մարզի Դվին գյուղում:


-Ո՞վ է Նորիկ Շահգելդյանը:

-Պարզ ու հասարակ մի շինական՝ հարևաններիս նման:

-Ինչպե՞ս պատահեց, որ կամավորական ջոկատի անդամ դարձաք: Դա Ձե՞ր որոշումն էր:

-1992 թվականին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատը Նոյեմբերյանում սխրանքներ էր գործում: Օր օրի նոր լուրեր, նոր սխրանքներ: Պատերազմական տարիներ էին: Թիկունքում գտնվող մարդկանց օրը սկսվում և վերջանում էր պատերազմի դաշտից եկած չար կամ բարի լուրերով: Յուրաքանչյուր ոք հոգեպես ծառայում, հոգով ուրախանում, հարազատի պես սգում էր: Մեր գյուղից շատերն էին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատից, և լուրերն անընդհատ պտտվում էին գլխումս: Հերթական մի օր, երբ զգացի, որ պահն է հասունացել սրտումս, ալեկոծում է ներաշխարհս, որոշեցի ու անմիջապես մեկնեցի Նոյեմբերյան՝ միանալու Ազգալդյանի ջոկատին: Սակայն մեկ ամսից վերադարձա:

-Դուք տեսել եք Լեոնիդ Ազգալդյանի՞ն և շփվել եք մեր Արցախի հերոսի հե՞տ:

-Ցավոք, շատ կարճ, ընդամենը մեկ ամիս: Դե այն ժամանակ կանոնավոր բանակ չէր, այլ կամավոր ազատամարտիկներ էին Հայաստանի տարբեր գյուղերից, քաղաքներից: Երեկոյան հանգստի ժամին չորս ընկերով հաց ուտելիս որոշեցինք մեկական բաժակ օղի խմել: Հենց դա չվրիպեց հրամանատարի աչքից, շա՜տ բարկացավ. «Պատերազմն ու ալկոհոլը անհամատեղելի են: Մեզ այստեղ սթափ և իրականությունը ռեալ գնահատող մարտիկներ են անհրաժեշտ, իսկ օղին դուք կըմբոշխնեք ձեր տներում: Վաղվանից աչքիս չերևաք»: Դե այդ ժամանակ երիտասարդ էի, տաքարյուն: Վերադարձա տուն՝ վիրավորված հրամանատարի խիստ պատժից: Չէ՞որ իմ կամքով, սիրով էի գնացել և ցանկանում էի հայրենիքս պաշտպանել:

-Քանի որ պատիվ եք ունեցել, թեև շատ կարճ, շփվել Լեոնիդ Ազգալդյանի հետ, կնկարագրե՞ք նրան` թե՛ որպես մարդու և թե՛ որպես հրամանատարի:

-Այն ժամանակ ես տաքարյուն երիտասարդ էի և ռեալ չէի գնահատում իրավիճակը: Սակայն ավելի ուշ հասկացա, որ հրամանատարը ճիշտ է և իմ ու մյուսների կյանքը թանկ գնահատելով էր մեզ պատժել: Դե այն, որ արտասահմանից, թողնելով փափուկ կյանքը, եկել և մարտնչում էր հայրենիքի բարօրության համար, կարծում եմ լիովին բնութագրում է նրան որպես մարդ: Իսկ ինչպիսի՞ն էր որպես հրամանատար. ազնիվ, շիտակ, հպարտ կեցվածքով, մտախոհ դեմքով, միշտ ներքին կարգ ու կանոնը շատ կարևորող և խիստ հետևող, անաչառ հրամանատար էր, որի նմանների դերը շատ կարևոր է բոլոր ժամանակների բանակներում: Վստահ եմ, որ նման հրամանատարի մոտ ծառայող զինվորը շա՜տ ավելի ապահով է:

-Ե՞րբ կրկին վերադարձաք սահման:

-Երկու տարի անց: Այս անգամ Լաերտի ազատագրական, կամավորական ջոկատ, որը գտնվում էր Ֆիզուլիում:

-Խնդրում եմ պատմե՛ք մեզ ջոկատի կազմավորման, անդամների, հրամանատարի մասին:

-Նախ սկսեմ հրամանատարից: Լաերտը, որին բոլորս «Ատաման» էինք ասում, առաջին կամավորներից մեկն էր: Հենց առաջին շարժից նա հավաքել է մի փոքր ջոկատ և մեկնել ճակատ:

-Դա ո՞ր թվերն էին:

-1988 թ. ամեն ինչ սկսվեց Երասխավանից, Սումգայիթյան ջարդից: Հենց այդ ժամանակներն էին, որ ադրբեջանցիները ջարդ էին սկսել և անխնա սպանում, տեղահանում էին հայերին: Հայաստանից էլ թուրքերն ու քրդերն էին փախչում: Հիշում եմ. Լաերտը թուրք ընկերներին անձամբ իր հսկողությամբ էր սահմանն անցկացնում, որովհետև ժողովուրդը վիրավորված էր ադրբեջանցի ստահակների վայրագություններից և վրիժառու էր դարձել: Լաերտը վեհանձն մարդ էր և թույլ չէր տալիս ոչ մի ոտնձգություն հայաբնակ թուրքերի նկատմամբ: Անգամ մի թուրք ընտանիք էր պահել իր տանը և հետո ճանապարհել: Մեծահոգի էր…բարերար էր… Պատահում էր, որ զինվորները ինչ-որ արժեքավոր բաներ էին գտնում: Ամբողջը հրամանատարի մոտ հավաքելով՝ ուղարկվում էր մանկատներին, ծերանոցներին օգնության: Երանի մեր օրերի բոլոր հրամանատարներն էլ, քաղաքական գործիչներն էլ անխտիր Լաերտի նման լինեին, և այդ ժամանակ մենք կունենայինք հզոր, ծաղկուն հայերենիք: Ցավոք, դա այդպես չէ: Լաերտը մե՜ծ հնարավորություններ ուներ հարստանալու, բայց մնաց հասարակ, նույնիսկ անփող, բայց շա՜տ սիրված, գնահատված ժողովրդի և իր զինվորի կողմից: Նա և՛ խիստ հրամանատար էր, և՛ սրտացավ ընկեր:

-Դուք ո՞ր թվին միացաք Լաերտի ջոկատին:

-1994 թ.-ին, երկու տարի ընդմիջումից հետո:

-Ինչ հիշարժան դեպքեր կպատմե՞ք պատերազմի դաշտից:

-Միշտ ցավով եմ հիշում այն օրը, երբ հարևանս՝ Վարդան Վարդանյանը, վիրավորվեց: Կողք կողքի էինք կռվում թշնամու դեմ: 500 մ-ի վրա էին թշնամու տանկերը՝ հետևից էլ զինվորները: Հենց այդ ժամանակ էր, որ թշնամու տանկի բեկորներից վիրավորվեց հարևանս և տեղափոխվեց հոսպիտալ; Թեժ կռիվ էր, և ես նրան չուղեկցեցի…

-Իսկ որևէ ուրախալի դե՞պք:

-Գարնան սկիզբն էր, ցուրտ: Կիսամերկ լվացվում էի, մին էլ վազելով ինձ մոտեցավ ընկերս. «Արագ հագնվի՛ր, Վազգեն Սարգսյանն է մեզ մոտ եկել»: Իհարկե չէի կարող չոգևորվել և սպարապետին ավելի մոտիկից տեսնելու հնարավորությունից զրկվել: Մինչև այժմ էլ ականջներիս մեջ է սպարապետի ձայնը. «Տղերք ջան, արտաշատցիս, արարատցիս, ղարաբաղցիս ո՞րն է, մի բուռ ազգ ենք, բոլորս էլ մեկ և հանուն նույն գաղափարի, հանուն մեր հայրենիքի: Եղբայրնե՛ր, չկասկածե՛ք, հաղթելու ենք», - երկու բռունցքները վեր պարզած ոգևորված և ոգևորելով գոչում էր մեր պարծանքը: Աննկարագրելի պահեր էին՝ ամբողջ կյանքի համար: Ուրախալի օր էր նաև մարտի 18-ը` իմ ծննդյան օրը: Ընկերներիցս մեկը տեղեկացրեց, որ Լաերտը ինձ իր մոտ է կանչում: Շա՜տ զարմացա: Չէի հիշում, թե այդ ինչ օր է (ո՞վ կհիշեր այդ օրերին): Ներս մտա, հրամանատարս ձեռքը ուսիս գցելով` ասաց. «Գյանք ջան (այդպես էին ինձ կանչում կռվի դաչտում), գիտե՞ս ինչ օր է: Այսօր, քո ծննդյան օրով, հաշտության պայմանագիր են կնքել և զինադադար հայտարարել, մեծ ուրախություն է և անպայման նշել է հարկավոր»: Սեղաններ գցեցինք, մի լավ ուրախացանք:

-Գիտենք, որ ապրիլյան քառօրյային նույնպես դիրքերում եք եղել:

-Անպայման: Առաջին մեկնողներից մեկն եմ եղել: Չէի կարող չգնալ: Ապրիլի երկուսին մեկնեցի Հադրութ, այնտեղ, որտեղ եղել եմ միշտ: Ես և իմ նման շատ ազատամարտիկներ մեր ներկայությամբ ոգևորում էինք նորաթուխ, բայց զարմանալի քաջ ու հաստատակամ մեր զինվորներին: Հրաշալի սերունդ է մեծանում:

-Դուք մարտի դաշտում եք եղել 90-ականներին և 2016 թ. ապրիլի քառօրյային: Ի՞նչ նմանություն և տարբերություն կնշեք:

-Նմանությունն այն է, որ հայի ոգին է նույնը, նույն հաստատակամ, հաղթելու և թշնամուն իր տեղը ցույց տալու պատրաստակամ, թեև սերունդ է փոխվել, բայց հայի ոգին նույնն է մնացել, դեռ ավելին, ավելի կազմավորված բանակ, ավելի վերապատրաստված, կամքի ուժի տեր զինվոր: Չեմ զարմանում, շատերը՝հենց ազատամարտիկների որդիներ ու զարմիկներ են, արյունով են խիզախ: Տարբերությունը ցավալի է: 90-ականներին ավտոմատի, զինվորի կռիվ էր, իսկ հիմա…

-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին, մեր զինվորներին:

-Մեր բարձրաստիճան ազնվականներին խնդրում եմ, որ առավել սթափ դատեն և մտածեն ժողովրդի ու զինվորի մասին: Իմաստուն է ժողովրդի խոսքը. «Մի՛ եղիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես՝ մեկ դեպի քեզ, մեկ դեպի մեզ»:

Զրուցեց` Անուշ ԱՍԼԱՆՅԱՆԸ

«Հայորդի» լրագրողական ակումբ
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.


https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top