MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Երգեր հավատի, հույսի և սիրո .«Հայորդի» ամսաթերթ
18:22, 26.07.2017
5349 | 0

Բաղրամյանի միջնակարգ դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լյուդմիլա Զախարյանը հերթական անակնկալը մատուցեց տարածաշրջանի դպրոցներին:

Նորաստեղծ «Շողեր» երգչախումբը, որտեղ ընդգրկված են 7-8-րդ դասարանների աշակերտներ, Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում ելույթ ունեցավ «Երգեր հավատի, հույսի և սիրո» խորագրի ներքո: Հոգևոր երգերի կատարումներն սկսվեցին տեր Երվանդ քահանա Բաբայանի օրհնության խոսքից հետո:

Համերգը վարում էին 9-րդ դասարանի աշակերտներ Նորայր Կարապետյանը և Էլեն Հակոբյանը: Մենակատարն էր Վահե Թադևոսյանը: Երգչախումբը ղեկավարում է երգի ուսուցչուհի Ալվարդ Բադալյանը, համերգային այս շարքի բեմականացման հեղինակը Լյուդմիլա Զախարյանն է:

«Ամենամեծ աղոթքը անմեղ շուրթերից, սրտից բխածն է, իսկ եթե ունենք անմեղ սրտով աղոթողներ, մեր հայրենիքը ծաղկելու է. ուրեմն ապագա ունենք: Այսօր աշակերտների ներկայությունը եկեղեցում ցույց է տալիս Սուրբ Հոգու առկայությունը», - բացման խոսքում ասաց Տեր հայրը` օրհնելով աշակերտներին և մաղթելով նրանց և ուսուցիչներին է՛լ ավելի ուժ, կորով, հավատ, նվիրում, որ էլ ավելիով կերտվի մեր վաղվա օրը:

Հանդեսն սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկայացվեց հոգևոր երգի դերն ու նշանակությունը մարդու կյանքի բոլոր պարագաներում: Հայոց Եկեղեցու պատմությունից է ծնվում պատմությունը հայ հոգևոր երգերի, որոնք էլ անձի ամենանուրբ ու նվիրական իղձերի արտահայտությունն են: Հոգևոր երգերը թեթևացնում են մարդու սիրտը` լցնելով խաղաղությամբ: Քրիստոնեության վաղ շրջանում մարդը Աստծուն փառաբանում էր սաղմոսներով, օրհներգություններով, իսկ հայ հոգևոր երգի սկիզբը համարվում է 5-րդ դարը: Երբ ստեղծվել է հայոց այբուբենը, թարգմանվել Աստվածաշունչ մատյանը, հայացվել է Հայոց Եկեղեցու լեզուն, հորինվել են նաև հոգևոր երգեր, որոնք ժամանակի ընթացքում բյուրեղանալով` հասել են կատարելության` ստանալով գեղարվեստական ուրույն արժեք, հմայք:

Աշակերտները երգեցին 15 շարականներ և երգեր՝ «Որք զարդարեցին», «Սուրբ Աստված», «Ով զարմանալի» և այլն

«Հայաստան, իմ խնկաբույր հայրենիք» երգի երաժշտության հեղինակն, ի դեպ, Ալվարդ Բադալյանն է, իսկ խոսքերը Արտակ Համբարձումյանինն են:

«Շողեր» երգչախումբը շարունակում է իր հանդիպումները Արտաշատի տարածաշրջանի կրթօջախներում և եկեղեցիներում` նպատակ ունենալով հայի մտքում և սրտում արմատավորելու սրբազան հայրերի թողած ժառանգությունը:


Լուսիկ Մարգարյան

ՔԴԿ Արտաշատի տարածաշրջանի պատասխանատու


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top