Արցախյան պատերազմը անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի կյանքում: Հատկապես մնաց հիշողությունների մեջ այն մանուկների, որոնց ճակատագիրն էր իրենց վրա վերցնել հայրենիքի պաշտպանության սրբազան գործը: Հիմա, երբ ասում ենք Արցախյան պատերազմ, հասկանում ենք և՛ 90-ականների, և՛ 2016-ի ապրիլյան պատերազմը: Այդ պատերազմներին իր հայրենանվեր գործն է կատարել Միշա Թադևոսյանը: 1966 թ. մայիսի 27-ն էր, երբ Դվին գյուղում՝ Թադևոսյանների ընտանիքում, ծնվեց հայրենիքի ապագա պաշտպանը՝ Միշան: Հասակ է առել հասարակ գյուղացու ընտանիքում։ Մանկության մասին խոսելիս դեմքին անհոգ ժպիտ է հայտնվում: Մարդասեր է, երեխաների հետ` երեխա, մեծի հետ՝ մեծ: Միշան սովորել է Դվինի դպրոցում, որն ավարտելով` կրթությունը շարունակել է Մասիսի գյուղտեխ. ուսումնարանում: 1984-86 թթ. ծառայում է Խորհրդային Ռուսաստանի բանակում: 1988 թ. սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները: 1991 թ. լսվում է հերթական գույժը. պատերազմը կրկին ներխուժել էր Արցախ: Միշա Թադևոսյանը կամավոր մեկնում է առջնագիծ` իր պարտքը տալու հայրենիքին: Ասում են՝ կամավորը հերոս է պատերազմ մեկնելու առաջին իսկ օրից: Միշան եղել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատից: Նրա պատմելով` Լեոնիդը շատ խիստ էր, միևնույն ժամանակ` զինվորների ընկերը: Հրամանատարը սիրում էր, որ իր հրամանները կատարվեն և չմնան օդում: Լեոնիդն ուզում էր, որ բոլորը հասկանան հայրենիքի արժեքը, և իրենց կյանքի նպատակը համարեն երկիրը շենացնելու և հզորացնելու գործը: ...Թշնամին, չկարողանալով դիմադրել հայկական ուժերի վճռական գործողություններին և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից, 1994 թ. մայիսի 14-ին զինադադար է խնդրում: ...2016 թ. գարունն էր՝ ապրիլ ամիսը, երբ նորից խաթարվեց հայ ժողովրդի խաղաղ անդորրը: Այդ ժամանակ Միշան և իր ազատամարտիկ ընկերները կրկին իրենց տեղում էին՝ դիրքերում, և իրենց մարտական ոգին էին փոխանցում մեր քաջ հայորդիներին: Այս պատերազմն էլ անդառնալի հետք թողեց հայ ժողովրդի կյանքում, չսպիացող վերքեր՝ հայ մայրերի սրտերում: Միշա Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանություն», «Անդրանիկ Օզանյան», «Մարտական ծառայություն», ԼՂՀ և ՀՀ «Արիության» և այլ շքանշաններով: Այսպիսով՝ Արցախյան պատերազմի բովում ծնվեց ազատաբաղձ, ազատատենչ քաջորդիներ մի ամբողջ համաստեղություն, որի «աստղերից» մեկն էլ Միշա Աղվանի Թադևոսյանն էր: Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ |