MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Հայրենիքի որդին . «Հայորդի» ամսաթերթ
08:04, 24.06.2017
3653 | 0

«Երկու տարի իրավունք չունեմ հորս և մորս մասին մտածելու, հայրենիքի որդին եմ հիմա»:

Հակոբ Խաչատրյան


Հակոբ Խաչատրյանը` ընտանիքի միակ արու զավակը, քաջ և հայրենասեր այդ զինվորը, նահատակվեց հայրենիքի սահմաններին:

Ծնվել է 1996 թվականին Արտաշատ քաղաքում: Երբ 6 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվում են Քաշաթաղի շրջան` սկզբում գյուղ Վարդանանց, այնուհետև` Աղաձոր, որտեղ էլ միջնակարգ ուսումնառություն է ստանում: Ավարտելով դպրոցը` Հակոբն ընդունվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա բաժինը: Պատմությունը նրա տարերքն էր, սիրում էր հաղորդակցվել մշակութային արժեքների հետ. հաճախ էր այցելում Մատենադարան, Ազգային պատկերասրահ, թանգարաններ, մշակութային այլ օջախներ:

«Ճշմարտախոս, բարի, ազնիվ և հայրենասեր տղա էր, - Հակոբի մասին պատմում է Աղաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Հարությունյանը: - Նա պատմության սիրահար էր, հերոսական կերպարներից փորձում էր օրինակներ վերցնել»:

Մեկ տարի բուհում սովորելուց հետո Հակոբը զորակոչվում է բանակ: Մինչ այդ ընկերների հետ այցելում է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում այնտեղ հանգչող մեր հերոսներին:

Մայրը` Գայանե Խաչատրյանը, պատմում է, որ Հակոբը, Եռաբլուրից վերադառնալով, ասել է իրեն. «Մա՛մ, տեսնես` ինչ տղերք էին. թուրքն ապրելու իրավունք չունի»: Քույրը` Նաիրան, լինելով Հակոբից տեսներեք տարով մեծ, այդուհանդերձ, եղբորից շատ բան է սովորել: «Հակոբից սովորեցի, որ թշնամուն խղճալ պետք չէ, - պատմում է Նաիրան: - Ասում էի. «Հակոբ, նրանք էլ են որդի, ընտանիքի զավակ»: Ասում էր. «Չէ, քուրո՛, բոլորին կարող ես խղճալ, բայց ոչ թշնամուդ» »:

«Հակոբն ասում էր` երկու տարի իրավունք չունեմ պապայի, մամայի մասին մտածելու. Հայրենիքի որդին եմ հիմա», - հիշում է քույրը:

Դեռ շատ նպատակներ ուներ հայրենիքի զինվոր որդին: Ուզում էր զորացրվելուց հետո ընդունվել Ոստիկանության ակադեմիա, ինչպես նաև` թև ու թիկունք լինել ծնողներին:

«...2015 թվականի մարտի 19-ի առավոտյան թշնամին հարձակվում է դիրքափոխություն իրականացնող տղաների վրա: Առաջինը հակառակորդի դեմ է դուրս գալիս որդուս ընկերը` Արշակը, - պատմում է Հակոբի հայրը` Գագիկը: - Այնուհետև թշնամու վրա սկսում է կրակել Հակոբս: Մարտից հետո ողջ մնացած ընկերները պատմում են, որ Հակոբը այդ օրը զոհված երեք տղաներից վերջինն էր:

Թող որ ես լինեմ վերջին սգացող ծնողը: Թող ոչ մի ծնողի աչքերը արցունքոտ չմնան»:

Դասակի հրամանատար Սարգիս Գաբրիելյանի խոսքերով` կողքիդ զոհված զինվորը բարձրացնումէ կռվելուդ եռանդը, բայց մարտից հետո թևաթափ ես լինում:

«Մարտից հետո չէի հավատում, որ Արշակը, Էդուարդն ու Հակոբը չկան, - պատմում է Սարգիսը: - Հակոբի նման հայրենասեր զինվոր մեր զորամասում չկար» («Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքից):

Հակոբ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Զինվոր հայրենյաց» մեդալով:

Աղաձորի միջնակարգ դպրոցը 2016 թ. մարտի 28-ից կրում է Հակոբ Խաչատրյանի անունը:


Լեյլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.


https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top