MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +23 °C Tomorrow:+20 °C
.«Մարդ եմ դառնալու, Մա՛րդ….» .«Հայորդի» ամսաթերթ
21:53, 24.06.2017
3414 | 0

Մարտի 7-ին Նուբարաշենի զորամասի հրամանատարական կազմը և մի քանի զինվորներ` փոխգնդապետ Արտակ Խումարյանի գլխավորությամբ, այցելեցին Արբատ գյուղ` իրենց խոնարհումը բերելու սահմանին զոհված զինվորի` Աղասի Գրիգորյանի շիրիմին:

Ներքին Դվին գյուղի սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը հոգեհանգստի կարգ կատարեց և շնորհակալություն հայտնեց զինվորի ծնողներին` հայրենիքին իրենց ամենաթանկը` իրենց որդուն, նվիրելու համար:

Աղասին` Արսեն և Կարինե Գրիգորյանների կրտսեր զավակը, դեռևս մանկուց է աչքի ընկել հայրենասիրությամբ:

«3 տարեկան էր, - պատմում է եղբայրը` Կարենը, - երբ պապը հարցնում է Աղասուն. «Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, բալե՛ս», փոքրիկը պատասխանում է. «Մա՛րդ»: Պապը զարմանում է. «Բալե՛ս, դու արդեն մարդ ես, ես մասնագիտությունդ եմ հարցնում: Այ, օրինակ, հայրդ ճարտարապետ է, մայրդ` դեղագործ… դու, դո՞ւ ինչ ես ուզում դառնալ»:

«Պապի՛, - զայրանում է Աղասին, - ասացի Մարդ եմ դառնալու, Մա՛րդ….»:

«Էէէէ, բալես, - ասում է պապը, - դու շատ ճշմարիտ, բայց շատ բարդ մասնագիտություն ես ընտրել»:

Շիրմաքարի մոտ Աղասու հայրը` Արսենը, մեզ պատմեց այն ահավոր օրվա մասին, երբ լսել է որդու մահվան բոթը:

«Ուզում էի վերջ տալ կյանքիս. ինչպե՞ս կարող էի այդպես դիմավորել որդուս: Արգավանդի սուրբ Սարգիս եկեղեցու քահանան` տեր Գրիգորը, կանխեց իմ մահափորձը. մոտեցավ, համբուրեց ձեռքս, հետո համբուրեց տիկնոջս ձեռքը, սփոփանքի և քաջալերանքի խոսքեր ասաց, և ես գոտեպնդված շարունակեցի ապրել: Որդիս դեռևս բանակից, ասում էր (հիմա եմ հասկանում` ինչո՛ւ էր ասում)` պապ, հանկարծ չլացես: Եվ ես որդուս հուղարկավորության օրը կարողացել եմ զսպել արցունքներս, որպեսզի կատարեմ Աղասուս խնդրանքը` լաց չլինեմ»:

Էլի շատ բաներ պատմեց զոհված քաջորդու հայրը:

Աղասի Գրիգորյանի հերոսական կերպարի մասին ակնարկ-դիմանկարը մեր ընթերցողին կներկայացնենք «Հայորդի» թերթի հաջորդ համարում:


Մանե ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ



«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top