MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +25 °C Tomorrow:+22 °C
Փրկենք մեր ազգի սուրբ հավատը .«Հայորդի» ամսաթերթ
10:12, 02.07.2017
3379 | 0

Քրիստոնեական հավատքին հավատարիմ մնալու երդումն է, որ հային դարեր ի վեր հայ է պահել: Հայոց պատմության քառուղիներում մեզ հալածել են, փորձել կրոնափոխ անել, անգամ հայրենազրկել են՝ մասնատելով սուրբ հողը հայրենի: Բազում տառապանքներ հաղթահարելով է, որ մենք կարողացել ենք վեր բարձրանալ, շտկել մեր մեջքն ու քայլել հպարտ՝ հույսի ու լույսի նոր արահետով:

Հայ ժողովուրդը երբեք չի երկնչել, չի հուսահատվել և հանուն իր վաղվա օրվա նրա աղոթքն առ Աստված բնավ չի լռել:

Հայ Առաքելական եկեղեցու նպատակը մարդուն ճշմարիտ ուղով առաջնորդելն է, ուր միշտ հայրենիքը, ընտանիքը և, ամենակարևորը, մարդը, ամենաթանկ արժեքներն են: Մերժել այդ ամենը նշանակում է նահանջ ապրել ու կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել և ինչն այսօր բոլորինս է:

Ուստի լինենք մեկ ամբողջություն, իսկական հայ քրիստոնյա, դառնանք միակամ ու չշեղվենք այն ուղուց, որ յուրաքանչյուրիս երազների ճանապարհն է և տանում է դեպի ծաղկուն, ազատ, խաղաղ ու միշտ բարեբեր Հայոց աշխարհը: Մեր երկիրն ամուր պահելու համար մեզ կուռ հավատ է պետք, որպեսզի չձուլվենք, չսայթաքենք ու չանէանանք քմահաճ խաղերով լի այս դարում:

Անչափ ուրախ եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է տեր հայրը մտնում օջախ, թե ինչպես են տնօրհնեք կամ այլ սրբազան արարողություններ կատարվում ընտանեկան միջավայրում, և ինչպես են Տիրոջ սպասավորներն օգնում, հուսադրում և բալասան դնում նեղյալի սրտին: Չեմ կարող չողջունել այն, որ շատ երիտասարդներ են մասնակցում եկեղեցական ծեսերին և իրենց բարի ասռաքելության շուրջը միավորված ազգանվեր գործեր են կատարում:

Ի սեր հայրենյաց փրկենք փխրուն հավատքը մեր:

Միայն այդպես հայոց խաչքարերը կապրեն դարեր, այդպես նրանց ձայնը չի լռի՝ ի հեճուկս նրանց ոչնչացնել ցանկացողների, և այդպես մեր հինավուրց տաճարներն ու վանքերը կղողանջեն ի լուր աշխարհի, որ հայերն ապրել են, ապրում են, կապրեն:





ԳՈՀԱՐ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ



«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top