Ո՞վ է ասել, թե հանգիստն ու քաղաքից դուրս ժամանցը միայն ամռան ամիսների համար են: Ձմեռը նույնպես հիանալի ժամանակ է լիարժեք ու ակտիվ հանգստի համար, հատկապես, եթե ձյունառատ է: Հայաստանում ձմեռային ամիսներին թրենդային են հատկապես հետևյալ ուղղությունները՝ Ջերմուկ, Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ձմեռային հետաքրքիր հանգստի համար: Ջերմուկը ձմեռային հանգստի սիրահարներին առաջարկում է նախևառաջ գեղատեսիլ բնություն՝ ձյունածածկ անտառներ, լեռներ ու բլուրներ: Տեսարանները կարելի է վայելել ճոպանուղու սահքի հետ մեկտեղ: Սպորտի սիրահարները կարող են օգտվել լեռնադահուկային սահուղիների հնարավորություններից: Ջերմուկում գործում են ժամանակակից հյուրանոցներ՝ ժամանցի տարբեր հնարավորություններով, իսկ առողջությունը բարելավել ցանկացողները կարող են հյուրընկալվել Ջերմուկում գործող բարձրակարգ առողջարաններում: Ծաղկաձորը Հայաստանի ամենաայցելվող ուղղություններից է տարվա բոլոր եղանակներին ու հատկապես ձմռանը, քանի որ այստեղ առկա են ձմեռային լիարժեք հանգստին նպաստող բոլոր պայմանները: Հյուրանոցներ, տուրիստական ատրակցիոններ, ճոպանուղի, չմշկասահքի և դահուկասահքի գոտիներ, որտեղ գործում են անհրաժեշտ պարագաների վարձույթի ծառայություններ: Սևանը նույնպես ձմեռային Հայաստանի ամենաթրենդային ուղղություններից է: Ձմեռային գեղեցիկ տեսարանները վայելելուց բացի, այստեղ կարելի է զբաղվել դահուկասահքով, այցելել Սևանավանք ու Հայրավանք, հանգստանալ գործող հանգստի գոտիներում կամ էլ պարզապես վայելել Սևանի իշխան՝ մերձակայքում գործող բազմաթիվ ռեստորաններից որևէ մեկում: Ձմեռային Դիլիջանը ևս բազմամարդ է: Գրավիչ տեսարանների ու տեսարժան վայրերի շնորհիվ այստեղ հանգստանալ ցանկացողների պակաս չի զգացվում տարվա և ոչ մի եղանակին: Դիլիջանում գործող առողջարաններում ու հանգստավայրերում կարելի է հանգստանալ թե՛ ամռանն ու թե՛ ձմռանը՝ հանգիստը համատեղելով դեպի շրջակա տեսարժան վայրեր ուղևորություններով: Պասիվ հանգստի սիրահարները ձմռան ամիսներին նախընտրում են հանգստանալ առողջարանային գոտիներում՝ Աղվերանում, Արզնիում, որտեղ կարելի է հանգստանալ, կազդուրվել, ընդունել տարբեր առողջարարական պրոցեդուրաներ: |