ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Վարորդական իրավունք ստանալու կարգը կփոխվի
12:18, 20.09.2012 | mamul.am
31551 | 1

Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` գործադիրը հնարավորին պարզեցրել, թափանցիկ է դարձրել վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը։
Ըստ այդմ` քաղաքացին չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին:

Վարորդական վկայական ունեցող անձը, որևէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլևս չի հանձնելու տեսական քննություն:

Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վարորդական վկայականը փոխանակելիս, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր: Որոշման համաձայն` գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում:

Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել մեկ փուլով` միայն ավտոդրոմում (ավտոհրապարակում), իսկ մինչև Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:

Վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում, ինպես նաև տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, քանի որ տեսական քննության արդյունքները էլեկտրոնային եղանակով հասանելի են լինելու գործնական քննություն ընդունող ծառայողին:

Բացի այդ, հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը և փոխարենը ներդրվում տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր