ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Անվերահսկելի խախտումներով ԱԺ ընտրություններ ենք ունենալու». Արթուր Սաքունց
14:15, 08.09.2016 | mamul.am
2683 | 0

Օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է համարել Ընտրական օրենսգրքում մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ փոփոխությունները:

Ի սկզբանե, մասնագետները կարծիք էին հայտնել, որ մատների թանաքոտման հետ կապված գործընթացը շատ ավելի արդյունավետ և կանխարգելիչ կարող է լինել ընտրությունների ժամանակ, բայց, ինչպես ԿԸՀ-ի հայտարարությունից պարզվեց, կառավարությունը միջոցներ չունի այդ մեխանիզմը ներդնելու համար:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը պետք է հանդես գար հայտարարությամբ, որ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են և առկա են բոլոր տեխնիկական հնարավորություններն իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով խնդրին, կարծիք հայտնեց, որ նույնականացման քարտերի տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցը չեղյալ համարելը միջոցներ չլինելու կամ գումարի անբավարար թվով պայմանավորված չէ.

«Այդ մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Ավելի շատ ԿԸՀ-ն հիմնվել է կառավարության գրավոր պատասխանի վրա, որ լեհական կազմակերպությունը, որը տեխնիկական միջոցներ պետք է ներդներ նույնականացման համակարգը ապահովելու համար, չի կարող հասցնել սահմանված ժամկետում, բայց իրատես որևիցե մեկը մինչև այժմ լեհական կամ որևէ այլ կազմակերպությունից անմիջական տեղեկատվություն չի ստացել և չի էլ կարելի ասել` նրանք կհասցնեի՞ն, թե՞ չէին հասցնի ներդնել, և ընդհանրապես, իրենց դիմե՞լ են, թե՞ ոչ, համապատասխան տեխնիկական առաջարկը ՀՀ կառավարության կողմից ներկայացվե՞լ է արդյոք, թե՞ ոչ: Այսինքն` տեսնում ենք, որ այստեղ ավելի շատ կառավարության մի գրության հիման վրա ԿԸՀ-ն` ուզած թե չուզած, պետք է ընդուներ այն որոշումը, որն ի սկզբանե արդեն օրենսգրքի մեջ ամրագրված էր, որ այդ նույնականացման տեխնիկական միջոցների ներդրումը կարող է հիմք ընդունվել, որպեսզի կազմակերպվեն ընտրությունները»,- ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա, ԿԸՀ-ն ընդամենն արձանագրել է այն, ինչ-որ կա, այսինքն` հայտնել է, որ այն չի ներդրվելու և օրենքի այդ հատվածը չի կիրառվելու: «Եվ սրա մեջ, իհարկե, ակնհայտ միտում կա: Միտումը նրանում է, որ մենք չենք տեսել կառավարության կողմից որևէ պաշտոնական հաղորդագրություն մինչև ԿԸՀ-ի հայտարարությունն առ այն, որ կառավարությունն ինչ-որ քայլեր է կատարում` տենդեր է հայտարարել, բանակացություններ է վարել, ջանք է գործադրել, որպեսզի այդ տեխնիկական համակարգը ներդրվի. այդ ամենը մենք չենք տեսել»:

Սաքունցի խոսքով, սա խոսում և վկայում է այն մասին, որ շահագրգիռ անձիք, ի սկզբանե, ցանկություն չեն ունեցել ԸՕ-ում նման փոխոխություններ կատարել, այլ` ուղղակի ձևական ընդունել են օրենսգրքի մեջ այդ մի հատվածը, որ հետո, տեխնիկական բնույթի այս պատրվակով, պարզապես մերժեն և չկիրառեն:

«Եվ պարզ է, որ նույնականացման տեխնիկական այդ միջոցների կիրառման պարագայում, ընտրողների հիմնական բացակա ռեսուրսի փոխարեն քվեարկության հնարավորությունը կարող էր կանխվել, բայց այստեղ ավելի ուրիշ բան տեղի ունեցավ, որ զուգահեռաբար, ԸՕ մյուս հատվածներում, որը վերաբերում է կոնկրետ դիտորդական առաքելությանը, մտցվեցին ավելի մեծ սահմանափակումներ: Հիմա, ԸՕ կարգավորումների մակարդակում, փաստացի ունենք նույնականացման համակարգի բացակայություն և դիտորդական առաքելության իրականացման ցածր արդյունավետություն»,- ասաց Ա. Սաքունցը` կարծիք հայտնելով, որ այս պարագայում, մենք ունենալու են անվերահսկելի խախտումներով ԱԺ ընտրություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր