ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ստեփան Զորյան,
19:13, 18.04.2014
3160 | 0

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով: Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ: Նրա սրտի դռները բաց էին կյանքի առաջ, նա փնտրում էր կյանքը և ապրում էր այդ կյանքը իր բոլոր ֆիբրերով: Եվ դրա համար էլ ասում էր հաճախ.
_ Չկա կյանքից ավելի գեղեցիկ բան:
Նա գրողներից շատերի նման չէր վարում ինքնամփոփ կյանք, ոչ էլ մեր մյուս հեղինակների նման սահմանափակվում էր լոկ հայ իրականությամբ: Ինչպես իր երկերում, այնպես էլ կյանքում նրա դիապազոնը լայն էր. սիրում էր միշտ մարդկանց նոր շրջան, նոր ընկերություններ: Երբ դրսից նշանավոր արվեստագետներ էին գալիս Թիֆլիս, հայ հեղինակներից առաջինը և, թերևս միակը, նա էր ծանոթանում նրանց հետ ու կապ ստեղծում:
60 տարեկան հասակում մարդիկ սովորաբար սկսում են վախենալ մահից և ձեռք էն առնում բոլոր «նախազգուշական միջոցները» ՝ նրանից պաշտպանվելու: Այսպես չէր Շիրվանզադեն: Մինչև վերջն էլ քաջառողջ կազմվածքի տեր՝ նա անվախ նստում էր միջանցիկ հոսանքների մեջ, կեսգիշերին դուրս էր գալիս զբոսանքի, իսկ երբ 62 տարեկան էր արդեն, պատանու խանդավառությամբ պատրաստվում էր նորից արտասահման մեկնելու: Ու հաջողությամբ գնաց Թուրքիա, Եգիպտոս, ապա Ամերիկա՝ նոր տպավորություններ ստանալով: Նա, բնականաբար, և կենսուրախ մարդ էր: Ընկերական շրջանում սիրում էր կենսուրախ կատակներ, զվարթ խոսակցություն, սիրում էր «ձեռ առնել» ընկերներին և երբեմն՝ ինքն իրեն: Նա այնքան լի էր կյանքով, որ նրան ծերունի ասելը չէր սազում, և նա ինքն էլ երբեք չէր սիրում ծերերի շրջանը: Ընդհակառակը, միշտ խուսափում էր նրանցից և գալիս նստում էր երիտասարդների մոտ: Անգամ ծանր հիվանդության օրերին նա իր զվարթությունը չէր կորցնում և կատակում էր շրջապատողների հետ: Թեև արդեն ծեր՝ բայց արվեստի խնդիրներում նա պատանու պես խանդոտ էր ու բռնկվող, մանավանդ եթե նկատում էր իր ըմբռնումներին հակառակ մի տեսակետ:
Այս ամենից եզրակացնել, թե կյանքը թեթև էր անցնում Շիրվանզադեի համար, սխալ կլիներ: Հաստատուն եկամուտ չունենալով՝ նա ապրում էր դժվարությամբ: Չնայած իր սուղ միջոցներին՝ Շիրվանզադեն հագնում էր միշտ լավ՝ ճաշակով և արտիստավայել: Երբեմն օրը երկու անգամ փոխում էր հագուստը, օձիքը և մանժետները: Բայց ուներ մի փոքրիկ աշխատասենյակ, որի կահկարասին մի գրասեղան էր՝ մի քանի աթոռով, իսկ զարդարանքը՝ մի քանի նկար: Զարդեր չէին հարկավոր նրան, այլ աշխատանքի մի անկյուն: Ու գրում էր՝ որտեղ պատահեր: Մի թանաքաման ու մի գրիչ՝ բավական էր. կնստեր ու կգրեր: Բայց ինչպե՜ս էր գրում, տեր իմ աստված: Սարսափելի տանջանքով, տնքալով, երբեմն հևալով: Իրանը սեղանին սեղմած, երեսը գրեթե թղթին կպցրած՝ նա ոչ թե գրում, այլ կարծես փորագրում էր պղնձի վրա՝ գրչի ճռնչոցով: Գրում էր մի տող ու հանկարծ ջնջում: Ինչ-որ բառ դուր չէր գալիս, թուղթը դեն էր գցում ու նորից գրում: Ոչ միայն իր գեղարվեստական երկերը, այլև հասարակ նամակը կամ երկտողը գրում էր դժվար: Եվ նա երբեք սևագրություն չէր անում մինչև վերջ, ապա մշակում: Այլ մշակում էր էջ առ էջ: Ընդհանրապես, Շիրվանզադեն մանվածապատ, երկարաբան չէր և կյանքում, կոնկրետ էր և հստակ: Ինչպես գրվածքներում, այնպես էլ զրույցի մեջ գործ էր ածում այնքան բառ, որքան հարկավոր էր: Եվ ոճը սուր էր, հեգնող, երբեմն էլ՝ կծու:

Ստեփան Զորյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13095 | 0
01:01, 08.12.2017
29972 | 0
23:45, 27.08.2017
21726 | 0
դեպի վեր