ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռոլանդ Շառոյան / «Սուրբ Հայր Հովհաննեսի վախճանը», «Սառը լույս»
20:24, 11.08.2014
5077 | 0

Ռոլանդ Դանիելի Շառոյան (ծնվ. 1952, օգոստոսի 11), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների և ժուռնալիստների միության անդամ 1982-ից։

Ծնվել է Աշնակ գյուղում։ 1974-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1974-75-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր, 1976-77-ին՝ հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում որպես ֆիլմի տնօրեն։ 1977-ից աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրությունում, որպես արձակի բաժնի վարիչ։

Եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1998-2003 թթ.):
2003 թվականից աշխատում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ: Պրոֆեսոր է (1999):
Թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն: Ստեղծագործում է և մեծերի և երեխաների համար։ Նրա սցենարով նկարահանվել է «Կորսված դրախտ» գեղարվեստական ֆիլմը (1989, Հայֆիլմ), իսկ «Մեր բաժին ուրախությունը» դրաման բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (2003) ։
21 գրքի հեղինակ է:

ԵՐԿԵՐ
1. Երեք խնձորների արկածները (մանկական), Եր., 2013:
2. Հովն ընկավ, Եր., 2012։
3. Էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ (մենագրություն), Եր., 2008։
4. Ամպշող արև, Եր., 2001։
5. Հարյուր կռունկ, Եր., 1979։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
2. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2003թ. «Ամպշող արև» և «Շոգիլք» գրքերի համար արժանացել է «Վահագն» ՝ արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության մրցանակի։
4. 1986 թ. «Շեկոն» պատմվածքն արժանացել է ՀԳՄ և «Գարուն» ամսագրի «Կարճ պատմվածք» մրցանակի։
5. 1987 թ. «Խաղաղ կեսօր» և «Մառախուղ» ժողովածուների համար արժանացել է Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչման։




Սուրբ Հայր Հովհաննեսի վախճանը


Հովհաննեսը բամբակե հաստ, հնամաշ բաճկոնն առավ ուսերին, երեկ, էս տարի, ցավի ասեղն էլի խլրտացել էր թիկունքին, դանդաղ, համրաքայլ իջավ տան փայտաշեն աստիճաններով եւ անդուռ թոնրատան մուտքի մութուլուսի մեջ, փեշերն ալրոտած կնոջը գոռալով, ասաց.

- Բարի´ լույս, Մարիա´մ, բարի լույս, կնի´կ ջան, տո բարի´ լույս, կյանքակեր, տո ի՞ նչ ես անում, թերմա´շ կնիկ: Քեզ ո՞ նց փախցրի, լավ փախցրի, չէ՞, քեզ փախցնողը ե´ս չէի, է՜, ձի´ն էր, էդ ձին հիմի չկա ախր, դու կաս, թերմաշ անտեր, - խոսեց, խոսեց, խոսքով մոտեցավ, գրկեց կնոջն ու համբուրեց.
- Իա՞, քնել-ելել ես, ամոթդ կորցրե՞ լ, տնաշեն, - կինը մի կողմ հրեց ամուսնուն:
- Ամոթի եղածն ի՞ նչ է, որ չկորցնեմ, Մարիամ ջան, ջա´ն ու ջան:
- Այ մարդ, քեզ ի՞ նչ է եղել:
- Շատ բան է եղել, կնիկ ջա՜ն, - երգելով խոսում էր Հայր Հովհաննեսը, - ինչ որ եղել է, ինձ ու քեզ է եղել, Մարիամ ջան, «ախ Մարիամ, Մաիամ, իմ ջան քու ջանին հեյրան»:
Խոսում-երգում-պարում էր Հայր Հովհաննեսը:
- Էս մարդն էլի գժվել է, - շվարած ինքն իրեն ասած Մարիամը, - ասենք` ձեր ցեղի մեջ կա, քո ողորմածիկ քեռի Աբգարը մեռնելու առաջ չէ՞ ր ասել, թե ժողովուրդ, մի քիչ սպասեք, ես երթամ Մասիսի ձյուներով զիմ սիրտ հովռեմ ու գամ մեռնիմ: Դու հանգիստ պառկի, ասել էին, մենք գնանք բերենք: Ձյունը բերել էին, բայց Արագածի, կերել էր մի քիչ ու հոխորտացել, վայնասունը գցել, թե էս ի՞ նչ եք բերել, էս Մասիսի ձյունը չէ, էդ ո՞ ւմ եք խելառի տեղ դրել, ասել էր, դե լավ, մեռնում եմ, բայց խռոված եմ մեռնում` ձեզնի´ց էլ, բոլորի´ց էլ, աշխարհի´ց էլ: Ձեր մեջ ցեղական ծռություն կա:
- Տո թերմաշ անտեր, - երգում-պարում էր Հայր Հովհաննեսը, - ես ու ձին որ քեզ չփախցնեինք, լավաշ թխելն էլ ձեռքդ չէր ընկնի, Մարիամ ջան, «ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ»:
- Օ՜ֆ, հավես չունեմ, Հովհաննես, ես քո հավեսը չունեմ, խելքդ տվել ես քամուն, պար ես գալիս, տունդ վառես շորհոտ չի գա, գոնե հարսներիցդ ամաչի, թոռատեր ես:
- Ե՞ րբ եկան էստեղ` մարդավարի ապրեցինք, որ ես չամաչեցի:
- Էսօր գալու են, շաբաթ է, մի քիչ քեզ հավաքի, այ մարդ:
- Գիտեմ, որ գալու են, Արտաշի տղու հետ լուր եմ արել, ես եմ կանչել, Մարիամ ջան:
- Այ մա՞ րդ, էդ ինչո՞ ւ ես շալվարթափ եղել:
- Լավաշ թխել ես, լա´վ ես արել, հիմի հաց, թթու, պանիր, արաղ, մեկ էլ թան տար ու էն մեծ ծիրանի ծառի տակ սեղան գցի:
- Չէ, ձեր ցեղի մեջ հաստատ կա, փնթփնթաց Մարիամը:
Մի քանի թարմ լավաշ վերցրեց ու քայլեց մեծ ծիրանու կողմը, ուր հին, փայտե ինքնաշեն սեղան էր դրված, չորս կողմը` իշոտնուկ: Գոգնոցի ճոթով սրբեց սեղանի փոշին, լավաշը փռեց վրան, ետ դառավ եւ քթի տակ մրթմրթալով իջավ հացատուն:
- Էլ քար ու գործ չունի, ամեն ինչ ներկել է, մնացել նարնջագույնը, քո խիղճը չմեռնի, խելացի ցեղ եք էլի՜:
Հայր Հովհաննեսը հայացքը խճճել էր հսկա ընկուզենու վերին ճյուղերի մեջ ու փնտրում էր ագռավին, որ ախորժալուր «անիծում» էր, բայց երբ կնոջ վերջին խոսքերն ընկան ականջը, շրջվեց եւ միտքն ու բառերը մի բերան արած շպրեց.
- Լավն էն է, Մարիա´մ, խելառ մեռնիս, չէ բուրդ գզողների ցեղից կնիկ ունենաս:
Ագռավն էլի կռկռաց:
- Տո ես քու՜…, - հայհոյեց Հայր Հովհաննեսն ու մտքում խոսեց: «Ինձնից առաջ դո´ւ պիտի մեռնիս, չէ, դու սատկես, ես մեռնիմ»:
Նա հուշիկ քայլերով մտավ մարագ, հանեց սյունն ի կախ երկփողանի որսորդական հրացանը, ձեռք պարզեց դեպի օճորքն ի վար ճոճվող աղավնու լքված բույնը, որ անճոռնի դույլ էր, երկու փամփուշտ վերցրեց, լիցքավորեց հրացանը եւ լռելյայն դուրս եկավ: Գողեգող քայլում էր, ոնց որ վարունգ թռցնող երեխա:
Ագռավն էլի կռկռում էր: Հայր Հովհաննեսի զույգ աչքերը չորս էին դառել, ո՞ նց էր փնտրում սեւ ագռավին, ամեն ինչ կտար, ինչ-որ մնացել էր տնից, տեղից, ապրուստից, մենակ թե աչքն առներ ագռավին:
Լույսի մի շող ընկուզենու ճյուղերի արանքից ընկել էր Հայր Հովհաննեսի դեմքին: Աննշան քամուց տերեւները խշշում էին, իսկ շողը թրթռում էր երեսին: Ագռավն նորից կռռաց: Ձայնի ուղղությամբ թռան նաեւ աչքերն ու մի խաչաճյուղի վրա «բռնեցին» ագռավին: Սեւ ագռավը կրկին կռնչաց: Կրակ խաղաց Հայր Հովհաննեսի աչքերում, ասեղի նման մի բան ծակեց մեջքը եւ խրվեց-մնաց թիկունքին: Նշան առնելն ու կրակելը մեկ եղավ: Գելաձորը երկար արձագանքեց,
եւ լռության միջից սատկած ագռավը խշրտոցով ճյուղնիճյուղ թրմփաց գետին. ետեւից հինգուվեց դեղնոտ, լեն թուփ ու տերեւ թափվեց:
Կրակոցի վրա Մարիամն ելավ մառանից: Սպրիդի մեջ մեկիկ-մեկիկ շարել էր ամուսնու պատվիրած ուտելիք-խմելիքը:
- Հովհաննե´ս, - կանչեց նա, - էդ ի՞ նչ հրացան պայթեց:
Հրացանի ուսնանցուկը ձեռքն ի կախ, սատկած ագռավը ոտքերի առաջ, քարացած կանգնած էր Հայր Հովհաննեսը:
- Ես էի Մարիա´մ ջան, - ձայնեց ամուսինը, - գնալուց առաջ ասի էս ագռավին սպանեմ, նոր երթամ. դիմանլուսից կռավում է:
Մարիամը սփրիդի եղած-չեղածը դրեց սեղանին եւ շվարած նայեց ամուսնուն: Սիրտը վախ ընկավ:
- Ո՞ ւր, տո խելառ, ո՞ ւր կերթաս, էսօր շաբաթ է, ուր որ է տղան, հարս ու թոռ կգան: Չէ´, ձերը ցեղական է:
- Դու իմ ցեղը հանգիստ թող, կերթամ, ուր ծնվել եմ: Լավն էն է, հիմա Վարազդատին ձեն տաս, ասա թող զուռնեն հետն առնի, - ասաց կտրուկ եւ զենքը փողն ի վեր հենեց ծառաբնին:
Մարիամի սիրտը շրխկաց: Մի բան անդառնալի փոխվեց ներսում:
- Իրա՞ վ, օրը հաս է, Հովհաննես, քո տուն չավրի, - նա զույգ ձեռքով խփեց ծնկներին եւ մոտեցավ:
Հայր Հովհաննեսի աչքերը մշուշվել էին, հայացքը ցիրուցան էր եղել:
- Քո աչքեր ո՞ ւր կնայեն, Հովհաննես:
- Իմ աչքեր կուզեն հարսանիք տեսնեն, Մարիա՜մ, Վարազդատին կանչե, ասա թող դհոլչի Կարապետին հետն առնի ու գան, ամենքը թող գան ու տեսնեն տալվորիկցի սուրբ Հայր Հովհաննեսի հարսանիք, չմոռանաս քո շորեր փոխես, նոր շորեր հագի:
Մի գունդ մրմուռ կլլեց Մարիամը, թեւերը խաչվորկեց, գնաց այգեմիջյան ճանապարհով – այն կողմ Վարազդատի տունն է:
- Մարիա՜մ, - հաստ, խռպոտ ու խզված ձայնով ետեւից կանչեց, - Մարիամ, մի պղինձ լիքը ջուր դիր օջախին` թող տաքանա, - ու սեղան նստեց:
Քեզ ո՞ վ իրավունք տվեց, ո՞ վ քո նժույգին քուռակ կոչեց, քեզ ի՞ նչ եղավ, շատ շուտ չբոցկլտացի՞ ր ու հանգար, տալվորիկցի սուրբ Հայր Հովհաննես, աշնակցի ջրբաշխ Հովան, էդ ե՞ րբ աշխարհի ջրեր բաժանեցիր պրծար` հավասար եւ հիմա գնում ես, դու չէի՞ ր, որ խելքդ լեզվիդ վրա էր` թշնամին թշնամի է, թեպետ բարեկամություն է քարոզում, բարեկամդ թշնամի բարեկամ է, թեկուզ մի բաժակ ջուր է խմել քեզանից թաքուն, Էս դու չէի՞ ր, որ Հայաստանում էլ ես ապրել,
Ստամբուլում էլ ես ապրել, Հալեպում էլ ես աշխատել, Ամերիկայում թափառել, Օդեսայում, Կրասնոդարում, Ռոստովում` փնտրել, Թիֆլիսում ու Բոգդանովկայում գտել եսիմ ում, եկել հասել Ուջան` մի ամսից փոշմանել, ոչ ավել, ոչ պակաս, որոշել ես, որ Աշնակն ավելի մոտ է Մեղրագետին, քան Ուջանը, քո տունը չքանդվի սուրբ հայր, էդքան բանից հետո լա՜վ, լավ կշռադատել ու գնում ես:
«Հա, կերթամ»:
- Հովհաննե՜ս, Հովան, - հեռվից լսվեց Վարազդատի ձայնը, եւ կանչը կամաց-կամաց մոտեցավ:
- Դեռ էստեղ եմ, Վարազդատ, եկա՞ ր, ժամանակին եկար:
Քիչ անց, շնչակտուր, հասավ դհոլչի Կարապետը, դհոլն ուսն ի կախ, զույգ զարկափայտերը ձեռքին:
- Դո´ւ էլ ժամանակին եկար, Կարո:
Վարազդատը խոսեց.
- Ուրեմն ինչ…
- Հա, - խոսքի վրա եկավ Հայրր Հովհաննեսը, - ձեզ կանչել եմ, որ իմ հոգին դհոլ-զուռնով ճափու դնեք մեր էրգիր, ու հիմա դուք պիտի իմ հարսանիքի նվագը հնչեցնեք, իմ հոգին շա՜տ շուտով ճամպա է ելնելու: Տալվորիկցի Սուրբ Հայր Հոհաննեսին դուք լավ եք ճանաչում: Վարազդատ: Նախապես մի հատ «Մշո ղըռ» մինչ ի Մարիամ նորահարսի գալ:
Շփոթված, Վարազդատը ծոցից հանեց զուռնան, բերանով մի քանի անգամ ծվեց ղամիշը: Կարապետը շփոթված դհոլի կախ թելն անցրեց թեւին, պտտելով ոլորեց, զարկփայտերը աջ ու ձախ ձեռքով տկտկացրեց-փորձր արեց եւ նայեց Վարազդատին, ասել է թե´ ես պատրաստ եմ, քոքի: Ծղրտաց զուռնան` զիլ, թնդաց դհոլը` «Մշո ղըռ»: Հայր Հովհաննեսի ուսերը սկսեցին դանդաղ ետ ու առաջ անել: Ոսկորներում արյունը խաղաց, հը´, հը´, ուսերը ծնցության մեջ են: Նա ելավ տեղից: Ծնկները համափաչ կոտրվում-բացվում են, հը´, հը´, աջ ոտքը թափով զարկում է գետնին, հը´, հը´, գոռում.
- Իմ հոգին փառավո՜ր ճամփա է կերթա:
Զունայի ծղրտոցից գայթակղված երեխաները շարվել էին ցանկորմի ետեւում եւ ճեղքերից բերանբաց նայում էին:
Մարիամը եկավ: Շորերը փոխել էր, կարմիր գոգնոց էր կապել, թաց աչքերով, իբր շորորալով գալիս էր:
- Վարազդատ, - էլի գոռաց Հայր Հովհաննեսը, - էն սատկած ագռավին կտանես գցես Սարգսի շան առաջ: Վարազդա´տ: Փոխե հարսնապար:
Հայր Հովհաննեսը պարելով մոտեցավ Մարիամին, ճկույթ-ճկթի բռնեց ձեռքից եւ երգեց.
Նախշուն կաքավ, սիրուն կաքավ
Ձեռքես փախավ, ձորն ընկավ:
Երգեց ու գլխով նշմարեց` հերթը զուռնայինն է:
Ցանկորմի ետեւից նայող երեխաները ժպտում էին, մի քանիսը ծիծաղում, մյուսները տեղում պար գալիս, ավելի չարաճճիները հրմշտում էին իրար` ուրախ-զվարթ:
Բանից անտեղյակ, խորհրդավոր հարսանքավորներին մոտեցան Հայր Հովհաննեսի տղան, հարսն թոռը:
- Հասա՜ն, Վարազդատ, փոխե «Մշո ղըռ»:
Գլուխը կորցրած Կարապետը, զարկում էր կատաղի` ուր որ է կպայթեր դհոլը: Մարիամի ձեռքից բռնած` պինդ, պարելով Հայր Հովհաննեսը ձգվեց որդու կողմն ու քաշեց նրան պարի մեջ: Տղայի երեսին անորոշ ժպիտ էր գծվել:
Մի պահ Հայր Հովհաննեսը տարերքի մեջ էր: Հետո բոլորի դեմքերը դանդաղ լողալով սահեցին նրա աչքերի առաջով, մշուշ իջավ աչքերին, ձայները խլացան ականջներում: Ցանկապատն ի կախ երեխաները ինչ-որ բան գուշակելով, ժպիտները, ծիծաղն ու փռթկոցները դեմքերին` քարացան:
- Էս ի՞ նչ ուրախություն է, ա´յ հեր, - հոր ականջին թեքվեց ու հարցրեց որդին:
Տալվորիկցի սուրբ Հովհաննեսը մռայլվեց, աչքերից շանթեր թռան, ապա մի լուսավոր շող բացվեց դեմքին: Է՜ս մեծ ուրախություն է, տղա, լաո՜, էս իմ հոգու հարսանիքն է…
Աշնան նորելուկ քամին խաղում էր ծառերի մեջ: Սուրբ Հայր Հովհաննեսը պարելով հասավ ծիրանի ծառին, պարելով գրկեց հաստ ծառաբունը, ինչքան ուժ ուներ ցնցեց, թողեց ու շարունակեց պարը: Դեղնած տերեւների հարյուրաթիվ մի երամ դողդողալով իջավ ցած:
Վարազդատը մոռացել էր ամեն ինչ, աչքերը կկոցել, թշերն ուռցրել, ինքնամոռաց փչում էր զուռնան` զիլ: Կարապետը մոռացել էր ամեն ինչ, վիզը ծռել, աչքերը ոչինչ չէին տեսնում, ուր որ է հաստա՜տ, դհոլը կպայթի, եւ ցանկորմն ի կախ քարացած ծիծաղներով, փռթկոցներով ու ժպիտներով երեխաները հարություն կառնեն եւ կանցնեն ցանկորմից այն կողմ:

***

ՍԱՌԸ ԼՈՒՅՍ.
Թուղթուգիր 13: 26 - 21.11.2013
Ուր-ուր, բայց Աշնակում գիշեր էր: Լուսնալույսի մի շող կեռասենու ճյուղերի արանքից սողոսկել էր Սերոբի տան պատուհանից ներս ու խաղում էր: Սերոբը վաթսունն անց մարդ էր, թեև հոգնել չուներ: Աշնակի կանայք ամուսիններին գործի լծելիս հասցնում էին մի երկու բերան փնթփնթալ, թե' տնաշենի մարդ, վիզդ ծռի ու ցանկորմից նայի Սերոբին, գիշեր ցերեկ մրջյունի պես կրում բերում է, ոչ քուն ունի, ոչ դադար: Չգիտեմ որտեղ ինչպես, բայց Աշնակի գիշերը, կարծես, Սերոբի համար էր ծնվել: Լուսնալույսը խաղաց Սերոբի դեմքին թե չէ, նա շրջվեց կողքի և աչքերը բացեց: Քունն էլ, խառնիճաղանջ մտքերն էլ փախան նրանից, թե՞ ինքը տարավ էդ ամենն ու թափթփեց Տալվորի ձորով հոսող որոտընդոստ սելավի ջրերի մեջ: Գեթ մի միտք մնաց, ամենակարևորը, որ եթե էսօր չանի, հաջորդ օրը ուշ կլինի: Էգուց կոլխոզի նախագահը ձեռքերը մեջքին խաչած, աչքերը չորս արած կանցնի հնձած ծաղկառվույտի դաշտի մոտով ու կտեսնի երեք-չորս խրձաչափ չհնձած տեղը, ուր գերանդին չէր բանել, և կկարգադրի մանգաղով քաղել: Ախր դու ի՞նչ տղամարդ ես, Սերոբ, երբ, էսքան բանն իմանալով հանդերձ, անկողնում պառկել ես, քիչ է, դեռ կողքի էլ թեքվել ես և բաց, չռած աչքերով կնոջդ ես նայում: Ժամանակ կոչվածի բախտը մի պահ բանեց, որ Սերոբն էսքան անօգուտ մտածեց: Պահ էր, ինքն էլ մարդ, մտածեց, էլի, թեև, երբ նույն բանը սկզբից մինչև վերջ մտքով անցկացրեց, արդեն շորերը հագել էր, մարագի միջնասյան վրայի մեխն ի կախ մանգաղը վերցրել, ապահովության համար փորը փոս ընկած քարտիկը մի քանի անգամ տարուբերել լաստի երկայնքով ու գնում էր ծաղկառվույտը քաղելու, և աչքի առաջ այն պահն էր, երբ ձմեռը, երեք-չորս խրձից մեկը անութատակը խոթած, մարագից տանում էր Սորեին, Մորոյին, ճերմակ ճակատին և մատաղացու գառանը' ինչ անուշ է ձմռանը չոր ծաղկառվույտի հոտը: Եվ ահա, լուսնալույսով ողողված գիշերվա մեջ, աստղերի աչքի առաջ աշնակցի մի մարդ' Սերոբ անունով, առվույտի դաշտում ծնկաչոք մանգաղաքաղ է անում: Առաջին հնձած փունջ-խոտի հետ վախն անցել էր: «Բա ի՛նչ, թողնեմ փչանա՞, չոր, անուշ խոտ է, ցողունն սկսել է դեղնել, էլ ուրիշ ազատ ժամանակ չունեմ, ախր ուրիշ օր էլ ե՞րբ անեմ, ցերեկն էլ եմ, չէ՞, խոտ հնձում: Է՛, ականջը կանչի իմ ողորմած հոր, ասում էր' տղա Սերոբ, ոնց ուզում ես հնձի, ուզում ես պառկած, կուզես քնած' մենակ հնձի: Ա՜յ մա՜րդ, թե սրա ի՞նչն է գողություն, գողացած բանը պիտի ջանիդ վրա մարսես, էն ժամանակ, նախագահ ջան, քո ցավը տանեմ, հասկացա, բան չունեմ ասելու' գողություն եմ արել: Բայց ախր սա էն դեպքը չի... Դե որ հենց էն դեպքն է, տար ու էս անմեղ աստծու գառներին տուգանի, չէ, չէ, արի ու տար տուգանի: Չէ՜, չէ՜, չտանես, զոռով կբերեմ գրասենյակ' տուգանի, տուգանի, ու ինձ էլ լրացուցիչ հողամաս տուր: Հող չունեմ... Ինչի չունես, շատ էլ հող ունես, էնքա՛ն շատ: Թե ուզում ես իմանալ, քեզ էլ պիտի տուգանես: Ինչի համա՞ր, նրա համար, որ հողերին սրտացավ տեր չես լինում, էդ էլ կասեմ, հա, հողերին տեր չես լինում, կյանքի հերն էլ անիծած»: Հնձում էր ու էսքան բանն էլ հետը մտածում էր Սերոբը: Վախը թքել-խառնել էր հնձածին, գողություն ասած բանի երկու ծայրից բռնել էր ու գերանակապ սեպով մեխել կոլխոզի գրասենյակի օրավուր փոխվող մատիտագիր աշխօրերի ցուցատախտակին: Էնքան վարժ էր առվույտը քաղում, որ նայողին կթվար, թե ձախ ձեռքում փնջած առվույտին ամեն անգամ մինչև մանգաղի բերան հանձնելը ասում էր. «Խոտ ջան, չկարծես, թե քեզ գողանում եմ' քաղում եմ», - ու միանգամից, հրա՛շք էր, ի՛նչ էր, մարդ ու խոտ իրար հասկանում էին, հավատում: Թեև առվույտն ամբողջովին նվիրվել էր Սերոբին' գառներին, բայց ինքը շարունակում էր նրան համոզել: «Հիշում ես, - մտքում ասաց ու ձախ ծնկին հենվելով' թմբած աջը երկարեց, - Դավթաշենի ձորում ընկած գերանը սելավը քշել-բերել էր Տալվորի ձոր: Նախրապան Արտաշը գտել էր: Գողություն համարեցին. ինչո՞ւ, որովհետև գերանն անտեր ընկած էր եղել, մարդը տեր էր կանգնել' ոչ ավել, ոչ պակաս' գողածուի ապրանք է, ինչո՞ւ, կարո՞ղ է իր փորի համար էր բերել: Չէ: Էնքան ժողովներում ասին, մինչև որ գոմի տանիքը կապելիս գերանը զարկեց Արտաշին: Էսօր էլ հաշմանդամ է դարձել ու ընկել տունը»: Ինչ էլ որ աներ Սերոբը, ծանր լուծ էլ որ քաշեր' քրտնել չուներ, նա նստած տեղն էր քրտնում, թեև այս անգամ լայն ճակատը խոնավացել էր: Վերջապես մանգաղաքաղից պրծավ և անմիջապես անցավ խրձելուն: Արագ ափթփում էր առվույտն ու դարսում ալյումինե փափուկ երկաթալարին, և երբ մի խրձաչափ էր դառնում, երկու ծայրից բռնում էր, ծնկում խոտին, ուժ տալիս, պինդ ոլորակապում: Հայտնի խրձող էր Սերոբը, Աշնակում անվանի: Եղած-չեղածը երեք խուրձ դուրս եկավ, ու դրանից նրա տրամադրությունն ընկավ: Վերջին խուրձը կապելիս չկարողացավ թաքցնել իր դժգոհությունը' մանգաղը խրեց խրձի կողը. թեև դա խրձողի դարերով հաստատված արարք է, բայց նա նեղացած խրեց, որպես թե' աշխատածս էսքա՞ն արժեր, գիշերս, արթուն մնալս, հինգ երեխա պահելս, երեքը' ուսանող, էսքա՞ն արժեր, խոտ ախպեր, ապրուստ ախպեր, բա ե՞ս, որ քուն ու դադար չունեմ, որ երազում, թե արթմնի մտածում եմ հաշտ ու խաղաղ լինեմ կյանքի հետ, հաշտ ու խաղաղ ապրեմ... Է՞ս է հատուցածդ... Մի աքլորացուի խամ կանչ այս անգամ ցրեց Սերոբի դժգոհ մտքերը, և նա հասկացավ, որ շուտով ադամալույս կլինի: Գոտկատեղից պարանը հանեց, երկու խուրձը շալակեց, երրորդն առավ թևատակն ու առվեզրով բարձրացավ: Հենց մասուրի թփի մոտի նեղ կամրջով անցնելիս գլուխը փոքր-ինչ վեր հանեց, գլուղի բաժին երկնակամարը ողողվեց սառը լույսով, և Սերոբը տեսավ, որ աշնակցի Ին¬չոր¬մեկը նստած է Արտաշի սան-դերքին: - Թու, - գրեթե լսելի բողոքեց Սերոբը, մտավ մասուրի թփի ետև և խրձերն իջեցրեց առվի մեջ, - եղածը մի բան չի, բայց վրաս մի տոննա կպարտագրեն: Ինչ աներ: Թքեր երեք խրձի վրա, մանգաղն ու պարանը առներ, ուղղված մեջքով տո՞ւն գնար: Բա ձմեռը, բա գառները, բա գյուղացին նման բան մտքով կանցկացնի՞: Եվ որոշեց սպասել: Երկար մի կետի նայելիս, Ինչոր մեկի քունը տանում էր' սկսում էր ննջել, ու երբ նինջը վերածվում էր քնի' գլուխը թափով կախ էր գցում' արթնանում էր: Ինչորմեկը աչքերը փակեց, և օրը մթնեց, թեև սառը լուսաբաց էր: Սերոբը բռնեց այդ պահը: Անաղմուկ շալակեց խրձերը և հուշիկ քայլերով առաջացավ' աչքը չկտրելով Ինչորմեկից: Գայլի սիրտ կերած անցավ նրա առաջով և, էն է, թեքվում էր ծուռվիզ փողոցով, որ մտներ իր տնամերձը, հանկարծ Ինչորմեկը սթափվեց Սերոբի կանչից: -Խայթե՞ց: Շալակի խրձերը դեսուդեն էին ընկել, թևատակինը' դիմացը, և խրձին պինդ կապած իժ օձը փորձում էր դուրս պրծնել' իզուր: - Լուսաչքով տանեիր, տնաշեն, - ասաց Ինչորմեկը Սերոբի շալվարն իջեցնելով, - բախտդ բերեց, փափուկ տեղին է խփել: Օձը խայթի Սերոբին և Աշնակը չիմանա՞ իր գյուղացուն, իր հարազատին, իր նմանին, իր մարդուն: Էլ ո՞վ պիտի տեր կանգներ Սերոբին, եթե ոչ Աշնակը: Հենց նա էլ տարավ Սերոբին Թալինի շրջանային հիվանդանոց, հակաթույն սրսկեց ու երեք օրից ոտքի կանգնեցրեց: Երեք օրից Սերոբը ողջ ու առողջ դարձավ գյուղ: Նորից սառը լուսաբաց էր: Մինչև Կաթնաղբյուրի խաչմերուկը շղարշիկցի վարսավիր Սիմոնը բերեց: Էնտեղից էլ չհամբերեց, չսպասեց կաթը գործարան տանող-բերող Վաղիկի բեռնատարին' ոտքով եկավ: Ամբողջ ճանապարհին երեք խուրձ խոտն էր աչքի առաջ ու ձմեռն էր: Սորեն, Մորոն, ճերմակճակատը և մատաղացուն մայում էին և դնչերը քսմսում գոմի քրտնած պատերին: Սերոբը երեք խուրձ ծաղկառվույտը գտավ ընկած տեղերը: Խրձած օձը շոգից խենթացել էր ու կիսամեռ հևում էր: Նա մտավ մարագ, երկար պարանը բերեց, որ երեքն էլ մի շալակ անի, նորից տեսավ Ինչորմեկին սանդերքին նստած, մոռացավ եղածը և նորից թաքնվեց' էս անգամ հսկա, վիթխարի ընկուզենու հաստ բունը գրկելով' ձուլվեց ծառին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13095 | 0
01:01, 08.12.2017
29971 | 0
23:45, 27.08.2017
21725 | 0
դեպի վեր