ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դիվահարված լինելու նշաններն ըստ միջնադարյան աստվածաբանների (նախորդի շարունակությունը)
16:35, 20.06.2018
7273 | 0

Ես նախորդ հոդվածում դիտմամբ ներկայացրեցի հարցերն ու պատասխանները, որովհետև դրանք այդ ժամանակների և' աստվածաբանական, և' բժշկական աշխարհայացքի վառ բնութագրականներ են ու միաժամանակ բացահայտում են միջնադարյան սնոտիապաշտության էությունը:

1566 թվականին մեծ աղմուկ է բարձրացնում ոմն Նիկոլի գործը, որի մասին արդեն հիշատակել եմ: Աստվածաբան Բուլեզը մանրամասնորեն ներկայացրել է թե ինչպես են այդ Նիկոլի մարմնից վտարել 23 դևի, որում նրանք բնակություն էին հաստատել:


«Ցերեկվա ժամը երկուսին, - պատմում է Բուլեզը, - վերոհիշյալ դիվահար Նիկոլին բերում են եկեղեցի, որտեղ դևեր հալածող Մոտոն սկսում է իր գործողությունները: Բանի տեղ չդնելով նզովքը` Բեղզեբուլը (սատանան) բարձր ձայնով ազդարարում է, թե դուրս չի գալու նրա մարմնից: Ընթրիքից հետո Մոտոն վերսկսում է դիվահալածումը և Բեղզեբուլին հարցնում է, թե քանի դև է դուրս եկել: Նա պատասխանում է` քսանվեց: «Հիմա հարկավոր է, - ասում է Մոտոն, -որ դու և մնացյալներն էլ դուրս գան»: Դևերի գլխավորը պատասխանում է. «Ո'չ, ես նրա մարմնից այստեղ դուրս չեմ գա, իսկ եթե ուզում ես, որ դուրս գամ, ապա նրան այլ եկեղեցի տար, և մենք բոլորս այնտեղ նրանից դուրս կգանք»: Այդժամ Մոտոն հարցնում է. «Ի՞նչ նշանով կարելի է եզրակացնել, որ այն 26 դևերն արդեն դուրս են եկել»: Բեղզեբուլը պատասխանում է, թե հարկավոր է նայել եկեղեցու մերձակայքի պարտեզին. դիվահարի մարմնից դուրս եկած դևերը ծառի երեք ճյուղ են կոտրել ու եկեղեցու հիմքից երեք քար են հանել: Պարզվում է, որ հենց այդպես էլ եղել է, դրանում համոզվել են այս ու այս վկաները»:

Այս նույն հեղինակը նկարագրում է նաև դիվահարի ջղաձգությունը: Երբ եպիսկոպոսը նրան սուրբ մասունքներ է մոտեցնում ու ասում. «Հեռացի'ր, Աստծու թշնամի», ջղաձգվողն անմիջապես տապալվում է գետնին ու սկսում է գալարվել: Հետո նա գլուխը մտցնում է ոտների արանքն ու սկսում է ուժգին ոռնալ: Այդ պահին նրա ոտներն այնպես են կարկամել, որ դրանց մատները պինդ սեղմվել են ոտնաթաթերին: Թեպետ յոթ հաղթանդամ տղամարդ նրան բռնած պահել է, բայց դևը խեղճին մարդու հասակի բարձրությամբ վեր է նետել, ու դիվահարն իր հետ վեր է բարձրացրել իրեն պինդ բռնածներին: Չնայած այս անզուսպ ջղակծկումներին, նրա ամբողջ մարմինը սառն է եղել: Այս տեսարանին ներկաներն սկսել են լաց լինել ու բացականչել. «Ողորմացի'ր, Աստված»: Ուրիշները փակել են իրենց աչքերը, որպեսզի այդ սարսափելի վիճակը չտեսնեն: Որոշ ժամանակ անց դիվահարը խաղաղվել է ու անբնական դիրքում քարացել: Նրան պառկեցրել են, և եպիսկոպոսը թույլ է տվել, որ հավաքվածները մոտենան նրան ու նայեն: Եվ այդ ժամանակ բոլորը «համոզվել են», որ նա լիովին կապված է: Մարդիկ փորձել են բացել նրա սեղմված կոպերը, կարկամած ոտներն ու ձեռները, համոզվել են, որ շատ ավելի հեշտ է կոտրել նրա ոտն ու ձեռը, քան դրանք իրարից հեռացնել:

Դիվահարության դրսևուրումների մասին պատմող մեկ այլ հեղինակ` Ժան Լիբրետոնը, անդրադարձել է Լուվեի կուսանոցի միանձնուհիների դիվահարվածությանը: Սրանք օրվա ընթացքում կատաղության մի քանի նոպա են ունեցել: Նրանք թեպետ իրենց սատանաներ են հռչակել, բայց ոչ մեկին չեն վնասել: Երբ հոգևոր հայրերը միանձնուհիների կատաղության ամենաթունդ պահին մատները խոթել են դիվահարների բերանը, վերջինները չեն կծոտել: Նոպաների ժամանակ միանձնուհիներն ամենաաներևակայելի շարժումներ են կատարել: Օրինակ` այնպես են դեպի հետ կռթնել, որ նրանց մարմիններն աղեղի տեսք են ստացել, ընդ որում այդ ընթացքում նրանք ճակատով ու ոտնաթաթերի ծայրերով են հատակին հենված եղել: Նրանցից շատերն այդ դիրքում մնացել են երկար ժամանակ, բայց նոպայից հետո ամենևին տանջահարվածի տեսք չեն ունեցել, նրանց երակային ճնշումը բնականոն է եղել, դեմքի գույնը` սովորականի նման, մի խոսքով, նրանք այնպիսի տեսք են ունեցել` ասես րոպեներ առաջ ոչին էլ չէր պատահել: Ուրիշների վրա կարկամն իր արշավանքն սկսել է ոտնաթաթերի մատներից, այնուհետև տիրել է ոտնաթաթերին, ապա` կոնքերին, որովայնին, կրծքին ու կոկորդին: Բայց այս դեպքերում էլ նոպան ինքնաբերաբար անցել է:

Լուվեում տեղի ունեցած այս դեպքի մասին մեկ այլ հեղինակ հետևյալ «փաստն» է ներկայացրել: Կուսանոցի զանգակատան կենտրոնում երեք մատ հաստության մարմարյա մեծ գավաթ է կանգնեցված եղել: Այն այնքան ծանր է եղել, որ երեք ուժեղ տղամարդ հազիվ են կարողացել գետնից կտրել: Դիվահար միանձնուհիներից մեկը` միջահասակ, շատ չորուկ ու թուլակազմ մի կին, մոտեցել է այդ գավին, գրկել, տեղաշարժել ու այնպիսի թեթևությամբ է այն շրջել` ասես սովորական կաթսա լինի: Հետո այս դիվահարը վազել է զանգակատան կողմը, և ոչ մեկը չի կարողացել նրան կանգնեցնել: Այնուամենայնիվ, հոգևորականներից մեկին հաջողվել է բռնել նրա ձեռքը, բայց նա այնպիսի պտույտներ է կատարել, որ թվացել է, թե նրա մարմինը ձեռքի հետ պարանով է միացված: Միանձնուհին այնքան երկար է պտտվել, որ ներկաներն ապշահար են եղել այդ գերբնական երևույթից:

Չափազանց հետաքրքրական ու տարօրինակ երևույթներ են դիտարկվել Օրզոնեի մենաստանում, որի մերձակա այգում և ավելի հեռուներում գիշերներն օդը լցվել է անհասկանալի աղմուկով, լսվել են ինչ-որ անբացատրելի ձայներ, սուլոցներ, ճիչեր, շրշյուններ, մի խոսքով, այն տպավորությունն է եղել, թե ինչ-որ աներևույթ արարածներ անհասկանալի լեզվով աղմկոտ զրույց են վարում: Դրանից հետո աներևույթ ձեռքերը եկեղեցու պատուհաններին քարեր են նետել: Այդ պատուհանները մենաստանի պարսպից շատ հեռու են եղել, այդ իսկ պատճառով չէր կարելի մտածել, թե ինչ-որ մեկը քարերը մենաստանի պատի հակառակ կողմից է նետում: Թեպետ ապակիները կոտրվել են, բայց եկեղեցու ներսում մեկ քար անգամ չի գտնվել: Այդ ամբողջ աղմուկը, ձայներն ու կոտրվող ապակիների ճարճատյունը լսել են քաղաքային ամրոցի ժամապահներն ու եկեղեցում աղոթող վանականները: Նրանց թվացել է, թե մենաստանը հիմքից ցնցվում է, և նրանք էլ ավելի ջերմեռանդորեն են աղոթել: Այդ ժամանակ մենաստանի այգուց տրտունջի ձայներ են հասել վանականներին, ու նրանց թվացել է, թե ինչ-որ մեկն օգնություն է խնդրում: Գիշերվա ժամը երկուսն է եղել, այգում` լիակատար խավար: Հոգևորականներից երկուսն այգի են մտել, որպեսզի տեսնեն, թե ով է հեկեկում և օգնություն խնդրում: Նրանք այնտեղ երկու կին են տեսնում: Նրանցից մեկը ծառին է թառած եղել, մյուսը` մենաստանի տանիքին: Նրանք հոգնած ու տանջահարված տեսք են ունեցել: Մեկի արյունոտված ու սարսափահարության կնիքը կրող դեմքը խիստ գունատ է եղել: Մյուս կինն էլ է արյունոտված եղել, բայց երկուսի մարմնին վերքի հետք անգամ չի նկատվել: Մենաստանի դարպասը տեղը տեղին փակված է եղել, իսկ պարիսպն այնքան բարձր է եղել, որ չարագործը մեծ դժվարությամբ կարող էր հաղթահարել այն: Ահա թե ինչու այս բոլոր պատահարները չար ուժին են վերագրվել:

Ի դեպ, այդ կանանց բաց են թողել: Երբ նրանց մասին զեկուցել են եպիսկոպոսի` պնդելով, որ նրանք դիվահարներ են, եպիսկոպոսը ցանկացել է տեսնել «կասկածյալներին» ու մարդիկ է ուղարկել, որ նրանց իր մոտ բերեն: Բայց նրանց չեն կարողացել գտնել, և այդժամ եպիսկոպոսը, անձամբ գալով մենաստանիի եկեղեցի, մտքի զորությամբ իր մոտ է կանչել այդ կանանցից մեկին, այսինքն, այլ կերպ ասած, հնազանդեցրել է կնոջ մարմնում գտնվող ենթադրյալ դևին, և վերջինս իր առջև է կանգնել: Եվ, զարմանալի բան, դևը ենթարկվել է, քանի որ շուրջ քառորդ ժամ բոլորը եկեղեցու դռան ուժեղ բախումի ձայն են լսել: Երբ դուռը բացվել է, դիվահար կինը եկեղեցի է ներխուժել ու վայրի ձայներ է արձակել: Նրա դեմքն ամբողջովին ծամածռված ու արյունակալված է եղել, իսկ աչքերը փայլատակել են: Երբ հոգևորականները փորձել են նրան դիպչել կամ նրա վրա սուրբ զգեստներ գցել, կինը կատաղի շարժումներ է արել ու դեն է նետել զգեստները: Չորս հաղթանդամ հոգևորական փորձել են նրան կապկպել, բայց ստիպված են եղել մի կողմ քաշվել, որովհետև ի զորու չեն եղել նրան սանձահարել:

Համոզվելու համար, որ այդ կնոջ մեջ իսկապես սատանան է բնակություն հաստատել ու լիովին տիրում է նրա մարմնին, հոգևորականները կնոջը տարբեր հրահանգներ են տալիս, որոնք նա հաճույքով կատարում է: Օրինակ` պահանջում են, որ նա իր ձախ ձեռքի երակի զարկը կանգնեցնի, և կնոջ միջի սատանան անմիջապես դա անում է: Դևին հրամայում են, որ նա կնոջը մի դիրքից մեկ այլ դիրքի դարձնի, և պահանջը կատարվում է: Դևին հրամայում են, որ նա կնոջը ցավի հանդեպ անզգա դարձնի. կինն ինքը անմիջապես մեկնում է ձեռքը և ասում, որ իր ձեռքի հետ կարող են իրենց ուզածի պես վարվել` այրել, ծակծկել: Երբ նրա եղունգի տակ երկար ասեղ են մտցնում, աղջիկը ցավ չի զգում, նույնիսկ ծիծաղում է: Հետո նրա ձեռքի մաշկը բարձրացնում են ու ծակում, բայց ոչ մի կաթիլ արյուն չի հոսում:

Դիվաբանությանը նվիրված հին գրքերում պատմվում է իրենց մարմինը սարսափելի կտտանքների ենթարկած դիվահարների մասին: Օրինակ` եղել են դիվահարներ, որոնք գլխով ուժգին հարվածել են պատին կամ քարե հատակին, և դրանից հետո նրանց գլխին ոչ մի վերք չի հայտնաբերվել, ու նրանք ամենևին ցավ չեն զգացել: Մարդկանց սարսափեցրել է այն, որ աներևակայելի շարժումներ կատարելու ընթացքում դիվարները չեն քրտնել, նրանց շունչը չի կտրվել, նրանց սիրտն արագ չի խփել: Օրինակ` մի դիվահար առանց դադարի ու շատ մեծ արագությամբ քառասուն անգամ հետ ու առաջ է ճկվել, և, սակայն, այդ մարմնամարզությունը նրա երակային ճնշման վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել, ու նրա մարմինը սառն է մնացել:

Բայց դիվահարության ամենավախեցնող, ամենասարսափելի ու միաժամանակ ամենահամոզիչ նշանը համարվել է այլոց մտքերը կարդալը: Դիվահալածը` ոչ մի բառ չարտաբերելով, ոչ մի շարժում չանելով, դիվահարին մտովի հարցեր է տալիս, հրամայում անել այս կամ այն բանը, և դիվահարն անմիջապես պատասխանել է դիվահալածի մտքում եղած հարցերին կամ կատարել է նրա չբարձրաձայնած հրամանները: Եվ մարդիկ եզրակացրել են, որ տվյալ անձի մեջ չար ոգին է նստած, որն էլ կարդում է դիվահալածի մտքերը:

Լավ է, որ այդ գարշելի ժամանակներում չենք ապրել: Հիմա ցանկացած հիվանդանոցում նյարդային հիվանդներն ավելի հետաքրքիր կատակներ են անում, իսկ մտքեր կարդալը շատ սովորական մարդկանց ժամանցի մի միջոց է դարձել, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ նրանց մեջ չար ոգին է բնակություն հաստատել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
394 | 0
09:44, 13.04.2024
462 | 0
11:39, 08.04.2024
438 | 0
09:16, 06.04.2024
382 | 0
դեպի վեր