ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Խոկալ մահը, նշանակում է խոկալ ազատության մասին. նա, ով գիտե մահանալ, երբևէ ստրուկ չի լինի»
09:58, 14.04.2024
518 | 0

Սենեկան մ.թ. առաջին դարում ապրած հռոմեացի փիլիսոփա է, որը հայտնի է հատկապես նրանով, որ եղել է Ներոն կայսրի դաստիարակը: Բայց մենք չենք կարող ասել, թե նրա առաքելությունն այս առումով հաջողություն է արձանագրել, քանի որ նրա սանը կատարյալ բռնակալ է դարձել:

Այնուամենայնիվ, նա մնում է ստոիկ փիլիսոփաներից առավել հռչակավորը: Իսկ ի՞նչ են մեզ ասում ստոիկ փիլիսոփաներն ու նրանց հետևորդները: Նրանք ասում են, թե գոյության միակ իմաստը հանուն երջանկության ապրելն է: Շատ տպավորիչ է, բայց խնդիրն այն է, որ ստոիկյան երջանկությունը դա կրքի բացակայությունն է:

«Ինքնիշխանն այն հոգին է, - ասել է Սենեկան, - որն արհամարհում է արտաքին իրադարձությունները և ուրախանում է առաքինությամբ»:

Սենեկայի համար միայն առաքինի՝ հոգու խաղաղությունը պղտորող ստորին հաճույքներից զերծ կյանքն է բարի:

«Խոկալ մահը, - ասել է նա, - նշանակում է խոկալ ազատության մասին. նա, ով գիտե մահանալ, երբևէ ստրուկ չի լինի»:

Իսկ ի՞նչն է ապացուցում, որ այս խոսքերն ընդամենը խոսքեր չեն: Պատմությունը Սենեկային առիթ, հնարավորություն է տվել՝ ապացուցելու իր ստոիկյան բարի կամքը ՝ «կազմակերպելով» նրա դաժանագույն մահը:

65 թվականին Ներոն կայսրի հրամանով դատապարտվելով ինքնասպանության՝ նա կտրել է իր թևերի երակները: Դա բավարար չի եղել, և նա կտրել է իր սրունքների և ծնկների հետնամասի երակները: Դա էլ բավարար չի եղել, և վախենալով սարսափեցնել իր կնոջը՝ նա պահանջել է իրեն մեկ այլ սենյակ տեղափոխել: Այդ սենյակից նա առանց շտապելու մի երկար նամակ է թելադրել իր քարտուղարներին: Քանի որ դեռևս չի մահացել՝ նա ընկերոջը խնդրել է իրեն թույն տալ, տալ այն թույներից, որոնք նախատեսված են եղել մահվան դատապարտվածների համար: Եվ նա խմել է այդ թույնը:

Բայց թույնը նրան չի սպանել, և նա տաք ջրով լցված լոգնոց է մտել, որպեսզի նպաստի արյան արտահոսքին և իր մեջ այնքան ուժ է գտել, որ կատակելու համար ստրուկների վրա ջուր է ցողել:

Ի վերջո, նրան տեղափոխել են ջեռոց, որտեղ էլ նա գոլորշուց շնչահեղձ է եղել:

Համաձայն ավելի վաղ տված իր իսկ հանձնարարականի՝ նրա մարմինն այրել են:

Կարելի է ասել, որ Սենեկան՝ այն մարդը, որն իր կյանքն ապրել է իր մահվան մասին խորհելով ու խոկալով, մինչև իր կյանքի վերջին պահը ցույց է տվել ինքնակառավարման կարողությունն ու իր համոզմունքների ամրությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
423 | 0
09:44, 13.04.2024
500 | 0
դեպի վեր