ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հունական հերոսներին փոխարինել են քրիստոնեական սրբերը
12:23, 29.07.2018
6411 | 0

Հին Հունաստանի հերոսների պաշտամունքին հարկ եղավ մանրամասնորեն անդրադառնալ, որովհետև այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնց վրա հետագայում կառուցվեց քրիստոնեական սրբերի պաշտամունքը: Թեպետ երկու պաշտամունքն էլ ծնունդ են առել սոցիալական տարբեր պայմաններում ու եղել են կրոնական տարբեր գաղափարաբանությունների մասնիկներ, բայց երկու պաշտամունքների ձևավորման նյութը նույնն է եղել: Նույնիսկ քրիստոնեական անհեթեթ մասունքներն ու աճյուններն իրենց նախատիպերն են ունեցել հերոսների հելլենական պաշտամունքում: Եթե քրիստոնյաները, բնականաբար, եկեղեցու օգուտի համար, ցուցադրել են Գաբրիել հրեշտակապետի փետուրները, քերովբեի ոսկորի կտորը, մոգերին նորածին Հիսուսի մսուրի մոտ հասցրած աստղի ճառագայթը, ապա հելլեններն էլ են ունեցել ոչ պակաս նրբաճաշակ մասունքներ (ձուն, որն ածել է Լեդան, որի վրա թուխս նստելով, նա աշխարհ է բերել Պոլիդեկտեսին, Հեղինեին, Կաստորին և Կլիտեմներստրային, Էրիմանթոս լեռան վարազի ատամները, Տրոյայի առաջին թագավոր Տևկրոսի նետերը, Ոդիսևսի թիկնոցը, այն կաթսան, որի մեջ Մեդեան եփել է Թեսալիայի Իոլկոս քաղաքի թագավոր Պելիասին, Պարիսի կիթառը, Իզիդայի մազերը, Դոդոնայի գավաթները):

Նահատակների ու սրբերի պաշտամունքի հիմքերը դնելով՝ քրիստոնեական եկեղեցին մեծապես օգտվել է իրեն շրջապատող այլ հավատքներից ու սովորույթներից՝ ճիշտ այնպես, ինչպես սահմանել է իր տոները հրեական ու հեթանոսական տոների հենքի վրա: Ճիշտ է, քրիստոնեական սրբերի պաշտամունքը նոր պայմաններում է ծնունդ առել, բայց շարունակել է արդեն իսկ գոյություն ունեցող ավանդույթը, որը մեծ ազդեցություն է գործել սրբերի պաշտամունքի ձևավորման վրա:

Այն ժամանակից սկսած, երբ Հելլադան մտնում է Հռոմեական կայսրության կազմի մեջ, հունական աստվածարարումը նոր ձևեր է ընդունում: Կայսրության տարածքային աճն իր մեջ արդեն իսկ նրա քայքայման ու անկման տարրեր էր պարունակում: Որքան շատ էր ընդլայնվում Հռոմի քաղաքական իշխանությունը, այնքան բազմազան էր դառնում զարգացման ամենատարբեր աստիճաններում գտնվող ժողովուրդների կազմը: Այդ պատճառով էլ Հռոմի կայսեր գավազանի տակ, ամբողջ աշխարհի միավորմանը զուգահեռ, աճում էին նաև կենտրոնախույս ձգտումները, որոնք էլ ի վերջո հանգեցրին կայսրության անկմանը: Ստրկատիրական Հռոմը չստեղծեց այն տնտեսական հիմքը, որը կարող էր ամրապնդել կայսրությունը:

Հերոսների պաշտամունքն իր մեջ երկակի գործընթաց է արտացոլել: Մի կողմից, ամրապնդվել է կայսրի պաշտամունքը, որի համար տրվել է արևելյան միապետերի պաշտամունքի պատրաստի ավանդույթը: Կայսրի պաշտամունքը բնական մի բան է համարվել: Ոչ միայն Օկտավիանոսի նման փառաբանված կայսրերը, այլև անփառունակ Կլավդիոսը, ատելի Դոմիցիանոսը և պատահականորեն կայսր դարձած Պարտինաքսը աստվածացվել են: Պատմագիր Սվետոնիոսը Վեսպասիանոս կայսեր մասին պատմում է, թե նա մահվան մահճում կատակով հետևյալն է ասել. «Կարծես թե ես աստված եմ դառնում» (այսինքն՝ մահանում եմ): Նույնիսկ կայսրերի կանայք աստվածների կարգին են դասվել, ինչպես, օրինակ, Օգոստոսի կին՝ Լիվիան, Անտոնինոսի կինը՝ Ֆաուստինան, կամ էլ Կալիգուլայի կինը՝ Դրուզիլան: Վերջինի աստվածացնելը հիմնավորելու համար սենատոր Լիբիոս Գեմինիոսը երդվել է, թե տեսել է, որ Դրուզիլան երկինք է բարձանում ու զրուցում է աստվածների հետ:

Կայսրի պաշտամունքում արտացոլվել է կայսրության միավորող քաղաքականության միտումը: Երկրի վրա ամեն ինչ համահարթող կայսերական իշխանությունը հերոսների համար տեղ չէր թողնում, ընդհակառակը, տեղական ցանկացած բնույթի պաշտամունք դեպի համընդգրկուն կրոն էր գնում:

Բայց միաժամանակ բազմապատկվում էին խորհրդապաշտական բնույթի այն պաշտամունքները, որոնք ձգտում էին ավելի մոտ լինել ժողովրդին, արտահայտել նրա դասակարգային ու ազգային շահերն ու իղձերը: Հերոսներն այլևս չէին համապատասխանում ո՛չ ունիվերսալիզմի, ո՛չ է տեղի կրոնական տրամադրություններին: Հերոսներն արդեն դառնում էին տեղական ավանդույթները պահպանող մարդկանց նեղ շրջանակի աստվածիկներ: Ստորակարգ աստվածների պաշտամունքին՝ որպես սրբերի ու նահատակների, նոր ձև ու նոր փայլ հաղորդելու պայմանները նորից ի հայտ եկան քրիստոնեության ընդերքում:

Այն, որ նահատակների ու սրբերի պաշտամունքը էությամբ ոչնչով չի տարբերվել հեթանոսականից, հասկացել են նաև եկեղեցու հայրերից ու հոգևորականության ներկայացուցիչներից ոմանք: Մ.թ. չորրորդ դաում ապրած Վեգիլիանցիոսը և ճգնավոր Իովանիուսը հանդես են եկել ի պաշտպանություն միաստվածության ու ընդդիմացել են ստորակարգ աստվածների պաշտամունքին: Բայց երանելի Հիերոմինոսը նրանց կտրուկ հակադարձել է՝ ի շահ եկեղեցու պաշտպանելով հեթանոսական հավատքը, որը եկեղեցին օգտագործել է զանգվածների վրա իր ազդեցությունն ընդլայնելու համար: Փիլիսոփա Պորփյուրոսը, որը 15 գրքից բաղկացած աշխատություն է գրել ընդդեմ քրիսոնյաների, հստակ ընդգծում է, թե աստվածների հեթանոսական պաշտամունքի ու քրիստոնեական հրեշտակների պաշտամունքի միջև տարբերությունը միայն անունների մեջ է: «Անվանեք նրանց աստվածներ կամ հրեշտակներ. անուններն ընդհանրապես ոչ մի դեր չեն խաղում, չէ՞ որ միևնույն աստվածուհուն և՛ Աթենաս են անվանում, և՛ Միներվա, իսկ եգիպտացիներն ու սիրիացիներն էլ բոլորովին ուրիշ անուններ են տալիս նրան: Այնպես որ դա տարբերություն չէ»:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
459 | 0
11:39, 08.04.2024
437 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
դեպի վեր