Սեպտեմբերի 11-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները: Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին, ըստ իրենց նախասիրության, հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակների և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ: Հիշեցնենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան ավելի քան 50 երեխա, ովքեր անվճար հիմունքներով մասնակցեցին «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին: |