ԱԺ հունվարի 24-ի նիստում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին: Նա նշեց, որ պետք չէ բողոքել այն բանից, որ ԱԺ-ում ինչ կատարվում է, քաղաքական է: «Պարզապես պետք է նկատի ունենալ, որ ցանկացած արարք ունենում է քաղաքական հետևանքներ: Երբ քննարկվում էր նախագիծը, ինչ-որ պահից սկսած՝ Ձեր մերժումը ոչ թե իրավական հիմնավորումներով էր, այլ քաղաքական արդարացումներով»,- նշեց Գ. Գորգիսյանը: Նա պնդեց, որ ԱԺ-ն վերահսկողության գործառույթ ունի ոչ թե կառավարության, այլ գործադիրի վրա: «ՏԻՄ-ն իր էությամբ գործադիր իշխանության մաս է: Փաստացի դուք ի՞նչ էիք ասում՝ եկե՛ք, մեր քաղաքապետի կոռուպցիոն սխեմաների մեջ մի՛ մտեք, դուք էլ վաղը կունենաք քաղաքապետ, մենք չենք մտնի: Չէ, սիրելիներս, կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում»,- ընգծեց ԼՀԿ-ական պատգամավորը: Նա զգուշացրեց, որ լեգիտիմությունը չարաշահելը լավ հետևանքների չի բերի: Հիշեցնենք, որ մերժված նախագիծը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելուն: |