Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին տարհանում․ անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։ |