ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ-ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ-ին
22:48, 03.11.2023 | mamul.am
5557 | 0

Հայկական կոնյակի արտահանման հարցը «հայկական բրենդի» ապրանքային անվանումով, ունի երկու կողմ` քաղաքական և իրավական, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
«Աշխարհի 186 երկներ, որոնք վավերացրել են կոնյակի հետ կապված օրենսդրությունը, բաժանված են 2 խմբի. մի խումբն այն երկրներն են, որոնք գրանցել են իրենց աշխարհագրական անունները և կոնյակը, մյուս խումբը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԱՄՆ-ն և ևս 100 երկիր, կոնյակը չեն ընդունում` որպես աշխարհագրական անվանում, այլ համարում են խմիչքի տեսակ, և այդ 102 երկիրն իրենց տարածքում և իրար հետ առևտրում ազատորեն օգտագործում են «կոնյակ» բառը»,- պարզաբանել է Հարությունյանը` հավելելով, որ, եթե Հայաստանը ցանկանար, պարզապես չէր ենթարկվի ֆրանսիացիների պահանջին։
«Ուղղակի իրավական կարգով կարող էր չեղարկել մեր կառավարության որոշումը` ՍԴ-ում կամ որևէ այլ ճանապարհով, և մենք կմնայինք որպես «հայկական կոնյակ» արտադրող երկիր։ Այդ դեպքում կշարունակեինք կոնյակ արտահանել ԱՄՆ կամ այլ երկրներ, բացի ԵՄ երկրներից»,– ասում է մասնագետը։
ՀՀ կառավարությունը, սակայն, որոշել է գնալ այլ ճանապարհով, կամ ինչպես Ավագ Հարությունյանն է բնորոշում` կուրորեն ենթարկվել Ֆրանսիային կամ ԵՄ-ին։
ՀՀ կառավարության այս որոշումը մեր զրուցակցի համար տարօրինակ է նաև այն տեսանկյունից, որ ԵՄ շուկայում այս պահին հայկական կոնյակի մասնաբաժինը չնչին է` համեմատած ռուսական, ամերիկյան, չինական շուկաների հետ։
Բացի այդ, միջազգային շուկայում «հայկական կոնյակ» բրենդով նույն կոնյակը մի քանի անգամ ավելի թանկ է, քան «հայկական բրենդին», քանի որ «բրենդին» ընդունված է համարել ավելի էժանագին ըմպելիք։
«Մենք 30 տարի այդ գնային խնդիրն ունենք,- նշում է Հարությունյանը,- մենք կառավարությանը 30 տարի ասում ենք` եկեք անունը դնենք մի ուրիշ բան, սեփական բրենդ ստեղծենք, անգամ խորհրդային տարիներին էինք ասում։ Բայց մերոնք ասում էին, որ Խորհրդային Միությունն անմահ է, և այդ խնդիրն արդիական չէ»,- հիշում է նա։
Ավագ Հարությունյանն արձանագրում է, որ խնդիրն առկա է 1998-ից, երբ կոնյակի գործարանը հանձնվեց «Պեռնո Ռիկարին»։ Այդ պահիից ի վեր հայկական կոնյակը կորցրեց նոր բրենդով հանդես գալու իր հնարավորությունը։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, կառավարության նոր որոշումը իրավիճակի վրա արդեն որևէ նոր ազդեցություն չի գործի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր