ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Ավտովթարից զոհվածը «Հարսնաքար»-ում ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի հայրն էր
21:36, 08.11.2023 | mamul.am
8087 | 0

Այսօր Երևանում ողբերգական վթարից մահացած «ՎԱԶ 2101»-ի վարորդը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն էր՝ Գառնիկ Ավետյանը:

Ի դեպ, «Արմլուր»-ին հասած լուրերի համաձայն՝ նրա մեքենային հարվածած Nissan Rogue-ի վարորդը եղել է կին, որը, ըստ լուրերի, անգամ զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել է, որ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել: Նա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն էր, Գառնիկ Ավետյանը: Նշենք որ Վահե Ավետյանի մայրն էլ մահացել է անցած տարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր