ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ. նրան 7 օր ժամանակ են տվել. «Ժողովուրդ»
09:18, 12.12.2023 | mamul.am
2482 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ հայտարարագրվող տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականի մարտի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է ընդունվել։
Վարույթի համաձայն՝ 2019 թվականին, երբ Հակոբ Սիմիդյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, 2019 թվականի հայտարարագրում չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալներ։

ՀՀ կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ տեղեկությունների փոխանցման ձևաչափերի հաստատմանը համապատասխան՝ ստացվել է Հակոբ Սիմիդյանի բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 488.806.5 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1.054.723.1 ՀՀ դրամ։

Խախտումների վերաբերյալ 2021 թվականի մարտի 1-ին Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հակոբ Սիմիդյանը փորձել է բացատրել, թե որն է դրամական միջոցները թաքցնելու պատճառը։ Սիմիդյանը նշել է, որ նպատակ չի ունեցել թաքցնել իր դրամական միջոցները, այլ անզգուշության հետևանքով հայտարարագրում չի նշել իր հաշիվներում կուտակված միջոցների մասին։ Նշել է նաև, որ այդ հաշիվներով ստացել է իր աշխատավարձը։

Գործի քննության ընթացքում հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Սիմիդյանի կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալների ներկայացված լինելու առնչությամբ հաստատված խախտումը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված զանցանք։

Արդյունքում որոշվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։

Հայտարարագրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար Սիմիդյանին տրամադրվել է 7 օր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր