ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Երևանի քաղաքապետարանի միջադեպից 20 օր անց. ո՞ւր են մեղադրյաները. «Ժողովուրդ»
09:24, 12.12.2023 | mamul.am
1603 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է 20 օր, սակայն որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երևանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում հանրային հարթակում, բայց որևէ տեղաշարժ չկա այս գործում:
Գրել էինք, որ Քննչական կոմիտեն Երևանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը, որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին և վերջ: Դատելով իրավիճակից՝ այս միջադեպը կարժանանա Ազգային ժողովում պատգամավորների միջեւ գրանցված ծեծի միջադեպի ճակատագրին, որը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճեց:
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր