ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: |