Արգենտինայի դաշնային դատարանը կասեցրել է նախագահ Խավիեր Միլեյի հրամանագրի երկու հոդվածների գործողությունը, որոնք վերաբերում են ֆուտբոլային ակումբներին, հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան։ Դատարանի որոշման մեջ, որը մեջբերում է ասոցիացիան, ասվում է, որ հրամանագրի 335-րդ և 345-րդ հոդվածների գործողությունը կասեցվում է մինչև վերջնական որոշման կայացումը: Հայցը ներկայացրել է Սալտո քաղաքի ֆուտբոլային լիգան, որը պահանջում է փաստաթղթի այդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող: Սա Միլեյի հրամանագրի արդեն երկրորդ մասն է, որի գործողությունը կասեցվել է դատարանի կողմից։ Ավելի վաղ աշխատանքային վեճերի դատական պալատը Սահմանադրությանը հակասող է ճանաչել աշխատանքային օրենսդրությանը վերաբերող փաստաթուղթը: Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Միլեյը ուղերձով դիմել է ազգին, որում հայտարարել է արտակարգ հրամանագիր ստորագրելու մասին: Նա թվարկել է 30 հիմնական բարեփոխումներ, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի դյուրացման համար մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը: Ընդհանուր առմամբ, փաստաթղթում կա ավելի քան 300 հոդված, որոնք փոխում կամ չեղարկում են գործող օրենքները: Հրամանագիրը կարող է չեղարկվել, եթե խորհրդարանի երկու պալատներն այն անվավեր ճանաչեն: |