ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները․ ինչ է պետք անել ցրտահարվելու դեպքում
01:00, 01.02.2024 | mamul.am
3668 | 2

ՀՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է՝ ինչ է պետք անել ցրտահարվելու դեպքում․ «Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում։

Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները` քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր։

Հետևյալ գործոնները կարող են նպաստել ցրտահարության զարգացմանը. սեղմող, թաց հագուստ, քամի, ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ` ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև` ալկոհոլի քրոնիկ չարաշահում, ծխելու անամնեզ, նախկինում ունեցած ցրտահարություններ, բարձր լեռնային (թթվածնի ցածր խտությամբ) շրջաններում լինելը։ Մանկահասակ և տարեց պացիենտները նույնպես ռիսկի խումբ են։

Կարևոր է տարբերել ցրտահարությունը, որը հյուսվածքների` միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում առաջացող տեղային վնասում է, և ընդհանուր սառեցումը, որը մարմնի և օրգանիզմի վրա միջավայրի ընդհանուր ազդեցությունը նկարագրող ախտաբանական վիճակ է և կարող է ընդհուպ մահվան պատճառ դառնալ։

Ցրտահարությունը անտեսելու դեպքում հյուսվածքները, որոնք արդեն իսկ հայտնվել էին թերսնուցվող վիճակում, կարող են մեռուկանալ` արյունամատակարարման շարունակական վատացման և վնասման խորացման հետևանքով։

Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները, ալկոհոլ օգտագործել, կտրուկ տաքացնել (օրինակ` տաք ջրի մեջ ընկղմելով)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր