ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Fly Arna-ի» միակ օդանավը թռել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից
23:48, 06.03.2024 | mamul.am
3645 | 0

«Հետք»-ը գրել է․ ««Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա: Իսկ Քաղավիացիայի կոմիտեի՝ այսօր հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից:
Հիշեցնենք, որ մինչև 2023 թ. նոյեմբեր «Ֆլայ Արնան» ուներ 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB եւ EK-YRC: Նոյեմբերի 9-ին EK-YRC-ն Երևանից մեկնել էր Շարժա, իսկ նույն ամսվա վերջին ապագրանցվել էր հայկական ռեգիստրից ու հետո մտցվել ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ (արաբական գրանցումը՝ A6-AQH): Ներկայում A6-AQH-ն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում:

Փաստորեն, փետրվարի 26-ին EK-YRB-ն ևս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն ևս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում:

«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» և դրա հայկական հիմնադիր ԱՆԻՖ-ի գլխին սև ամպեր են կուտակվել նախորդ տարեվերջից: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահ դարձավ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը: Կարճ ժամանակ անց Իսպիրյանը պաշտոնանկ արվեց և դարձավ մեղադրյալ մի քրեական վարույթով, որը, սակայն, կապ չունի ԱՆԻՖ-ի հետ: Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի մասով ևս քրեական վարույթ կա, որը նախաձեռնվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նախաքննությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

ԱՆԻՖ-ի նորակազմ խորհուրդը հունվարին ֆոնդի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:

2023-ի տարեվերջին «Ֆլայ Արնայի» հիմնադիրները ավիաընկերության կանոնադրական կապիտալը 6 մլրդ դրամից դարձրին 8 մլրդ: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետքին» հայտնել էր, որ սրա պատճառն ավիաընկերությունում ծագած «որոշակի ֆինանսական խնդիրներն» են: Ֆոնդը չէր պատասխանել մեր հարցին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից թռիչքներ չի կատարում: Խնդրել էինք նաև մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջև խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ, սակայն արձագանք չէր եղել: ԱՆԻՖ-ը նաև փոխանցել էր, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղևորներին հայկական փոխադրողը վերադարձրել է տոմսերի գումարները, ավելին, հավաստիացրել էր, որ որևէ ուղևոր տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:

Ֆոնդին հարցրել էինք, թե արդյոք պետք է սպասել «Ֆլայ Արնայի» թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: ԱՆԻՖ-ն ընդամենը նշել էր, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում (հունվարին) աշխատանքներ են ընթանում, և հավելել, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Մինչ օրս ֆոնդը պարզաբանումներ չի ներկայացրել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր