ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը, իսկ մեկ տարի անց՝ սյունը». Բեգլարյան
01:06, 24.04.2024 | mamul.am
1683 | 0

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ:

Նույնիսկ եթե սահմանազատման ու սահմանագծման հարցում իշխանությունները հիմք են վերցնում Ալմա Աթայի փաստաթուղթն ու խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, ապա այդ դեպքում նույնպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա բոլոր հիմնախնդիրները պետք է լուծում ստանան համապարփակ ու փաթեթային կերպով: Առնվազն շրջանակային համաձայնագիր է պետք, որը կհասցեագրի բոլոր հակամարտային հարցերը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայրենիք:

Բռնապետ ու ցեղասպան Ալիևին և իր տերերին պետք է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ՝ Հայաստանի ու հայերի նվաստացման ու մասնատման գործընթացը և այդ ընթացքում ստացած զիջումները Հայաստանից:

Մի՛ մոռացեք՝ ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ այսօր, տեղադրվեց առաջին սահմանագծման սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հուսամ՝ այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու հայ ժողովրդի համար, ինչ անցակետն է թողել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր