ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Այս ամենն արվում էր, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ոնց են թշնամիները ճանապարհ հարթում առաջ գալու համար». Սլավիկ Ալավերդյան
00:18, 20.05.2024 | mamul.am
4845 | 0

«Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Համառոտ անդրադարձ այսօրվա մեր արկածներին։
Ես ու ընկերներս Երևանից գնում էինք Ոսկեպար։
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ, ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից, Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Մյուս գյուղերի վերաբերյալ ոչինչ չկար ու սա վարչակազմի հերթական թույլ կետն էր։
Նախ, անվտանգությամբ հիմնավորման աբսուրդը. տեղացիների համար վտանգավոր չէ, իսկ մյուսների համար վտանգավոր է։
Երկրորդ. մարդիկ ունեն մի տեղի հաշվառում, բայց ապրում են ուրիշ տեղ ու շատ դեպքերում տեղացիներին դեմքով ճանաչելով էին նույնականացնում, ոչ թե փաստաթղթով։
Իմ գրանցումը Ոսկեպարի չէ և ինձ չէին թողում գնամ, կամ ասում էին, որ ես կարող եմ ոտքով գնալ, բայց ընկերներս ոչ։
Հիմա կետերով։
1. Իրականում ոչ միայն Կիրանցի մուտքն էր (է) փակ, այլև «Կրիվոյ» կոչվող հատվածում փակ էր Իջևանի կողմից միջպետական ճանապարհով դեպի հյուսիս գնացող մասը, այսինքն դեպի Իջևան խոշորացված համայնքի 6 գյուղեր, Նոյեմբերյան խոշորացված համայնք ու դեպի Վրաստան գնացող ճանապարհը։
Այստեղ ընդամենը 1 պարեկային մեքենա էր` 2 ցածր կոչումով պարեկներով (սերժանտ և ավագ լեյտենանտ):
Թողում էին միայն մինչև Կիրանց եղած գյուղեր գնացողներին, իսկ մյուսներին առաջարկում էին հետ գնալ, քանի որ փակ է։
Անգամ թույլ չտվեցին գնալ այլ գյուղեր, որտեղ ունենք ընկերներ և բարեկամներ` առաջարկելով, որ իրենք գան մեզ տանեն, եթե ուզում ենք։
Մենք համոզեցինք գնալ և ճանապարհի բացմանը սպասել Սարիգյուղում` նաև էլեկտրական մեքենան լիցքավորելու համար։
Պարեկներից մեկի խոսքը կիսասպառնալիք էր։
2. Ամենամեծ անցակետը Սարիգյուղ-Ծաղկավան հատվածում էր` ոստիկանություն, պարեկային ծառայություն, ԱԱԾ` մինչև փոխգնդապետի մակարդակով։
Թողնում էին տեղացիներին, հիվանդանոցային հարցերով և Վրաստան/Ռուսաստան գնացող մեքենաները։
Այստեղ սպասել ենք շուրջ մեկ ժամ, տարբեր հիմնավորումներ ներկայացնելով, որ թողնեն` գնանք Ոսկեպար` իմ հայրենի գյուղ. էլ գյուղապետը զանգի հիմնավորի, էլ մեքենայի համարանիշը գրեն, փոխանցեն, համոզվեն, որ ուրիշ տեղ չենք գնում, Կիրանցով անցնելու ենք, ինչպես մյուս մեքենաները, չենք կանգնելու ինչպես տարածված հայտարարությունն է ասում և այլն:
Այստեղ մի խումբ մշակույթի և քաղաքական գործիչներ մեզնից առաջ արդեն սպասում էին, և գյուղի մուտքը փակելու առերևույթ պատճառը ցույցերն արգելելն էր։
Կիրանցի կամուրջի մոտ էլ անցակետ կար, բայց նախորդ անցակետից հետո ավտոմատ թողում էին։
3. Մինչև մեզ Սարիգյուղի մոտ բաց կթողնեին, առաջարկում էինք նաև, որ մեքենան թողնենք, ոտքով գնանք դեպի Կիրանց և Ոսկեպարից գյուղացիներից գան և Կիրանցից մեզ տանեն։ Սա ևս չեն թողել` Ոսկեպարի մուտքերը փակելով։
Որպեսզի մենք թողեն մտնենք Ոսկեպար, գյուղի բարեկամները եկել են մուտքի մոտ ասեն, որ իրենց տուն ենք գնում։
Այսինքն, իրականում ավելի շատ փակ էր Ոսկեպարը, քան Կիրանցը, որի մյուս կողմը բաց էր։
4. Արդեն մոտ մեկ ամիս է` փակ է Ոսկեպար-Բաղանիս կարճ ճանապարհը և Ոսկեպարի եկեղեցու մոտ գնալու ճանապարհը։
Այսօր անգամ ժամանակավորապես փակ է եղել Բաղանիս-Ոսկեպար միջպետական ճանապարհը։
5. Հետ գնալիս Ոսկեպարի մոտ մեզ ասացին, որ թողնում են հետ գնանք, բայց պետք է շրջանցենք Կիրանցը` Աճարկուտի գրունտային երկար ճանապարհով, որը փաստացի չէր հսկվում Կիրանցի մուտքի մոտ։ Իրականում Կիրանցի կամուրջի ու Սարիգյուղի մոտ հանգիստ բաց թողեցին, քանի որ հետ էինք գալիս։
6. Թե գնալիս, թե գալիս Կիրանցում ոչ մի լուրջ աշխատանք չէր իրականացվում. մեր սահմանապահները շրջում էին գյուղում, տեղանքին ծանոթանում։
7. Իսկ ահա Ադրբեջանի տարածքում իրականացվում էին ինժեներական աշխատանքներ, որոնք երևում էին Ոսկեպարի հարակից բարձրադիր տարածքներից (ճանապարհից), ու չէին երևում Կիրանցից։
Այսինքն, այս ամենը արվում էր, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ոնց են թշնամիները ճանապարհ հարթում առաջ գալու համար։
Հ.Գ. Մենք դժվարությամբ իրացրեցինք Սահմանադրությամբ ամրագրված` ազատ տեղաշարժի իրավունքը, բայց շատերին դա չհաջողվեց։
Պատկերացրեք, որ շուտով նույն անձնագրային ռեժիմը կարող է լինել ամբողջ ՀՀ-ում ու չկարողանաք Ձեր տնից հեռու գնալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր