ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
10:24, 23.05.2024 | mamul.am
1421 | 0

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվեց Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։
Արարողությանը ներկա էին նաև մի շարք խորհրդարանականներ, Փարիզում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարակական, քաղաքական և մշակութային անվանի գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։
Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք ուղղեց քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը:
Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Ֆրանսիան մարմնավորող, համայն հայ ժողովրդի դեսպանը դարձած աշխարհահռչակ արվեստագետն իր անկրկնելի ձայնով և հուզառատ երգերով կարողացել է գերել միլիոնավոր սրտեր՝ դառնալով համաշխարհային երաժշտության անմար լեգենդ: Նա անդրադարձավ ինքն իրեն «100 տոկոսով ֆրանսիացի և միաժամանակ 100 տոկոսով հայ» համարող Մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։
Հայաստանի դեսպանն ընդգծեց նաև Շառլ Ազնավուրի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած կարևոր ավանդը և ի հեճուկս հայ ժողովրդի դեմ ծառացած դժվարին մարտահրավերների՝ նրա անսասան հավատը Հայաստանի վերածննդի և լավագույն ապագայի հանդեպ:
Հասմիկ Տոլմաջյանը շեշտեց, որ Հայաստանի դեսպան և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն անվերապահ և անմնացորդ Հայաստանի Հանրապետության կողքին էր և ակտիվորեն ներգրավված էր ի նպաստ Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններում։
Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կարևորեց Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:
Քաղաքապետ Հիդալգոն նաև հայտարարեց, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:
Արարողությունը մեկնարկեց մեծանուն երգչի «Սիրում եմ Փարիզը մայիս ամսին» (J’aime Paris au mois de mai) հայտնի երգով, իսկ ընթացքում հնչեցին երգչի ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպիսիք են՝ «Ես ինձ պատկերացնում էի արդեն» (Je m'voyais déjà) , «Ինձ տարեք…» (Emmenez-moi), «Ինձ համար հիասքանչ ես» (For me Formidable), «Լա Բոհեմ» (La Bohème)։
Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետերի և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվեց պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։

Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր