Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հաստատեց՝ հյուրանոցի իր համարում լսող սարք են դրել` արձանագրելու համար իր խոսակցությունները։ «Չեն փորձել, տեղադրել են սարքը»,- ասաց Բագրատ Սրբազանը։ «Տեղադրել են, մենք էլ իմացել ենք։ Մեզ համար տարբեր կազմակերպություններ են աշխատում: Մենք այս ընթացքում բացահայտել ենք բոլոր մեզ հետևող մեքենաները, էդ տղաների հետ խոսել ենք, ուրիշ տարբեր բաներ էլ ենք բացահայտել: Էսօր հեռախոսային խոսակցություններն ենք բացահայտել»,- հավելեց նա։ Սրբազանը նշեց նաև՝ ինչ որ ներկայացված է տեսանյութում, այդպես էլ եղել է։ Ավելին, այդ նույն սենյակից, որից փորձել են գաղտնալսել իրեն, պարբերաբար լուսանկարել ու տեսանկարահանել են իրենց շարժը։ «Իմացեք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը»,- ասաց Բագրատ Սրբազանը, ապա դիմեց իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին․ «Ձեզ էլ են հսկում, սիրելի՛ ԱԱԾ կամ ո՞ր մարմինն է, չգիտեմ։ Դուք խիստ հսկողության ներքո եք, իմացե՛ք»,- ասաց նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սրբազանի սենյակում փորձել են լսող սարք դնել։ Այդ մասին վկայող տեսանյութ էր հրապարակվել։ |