ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այս պահին պարիտետային իրավիճակ է ստեղծվել». Դավիթ Կարապետյան
02:06, 29.05.2024 | mamul.am
2654 | 0

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլասերժամերժացումն ու սրբազանավարչապետությունը…
Մինչ վարչապետն «իրանական շոու» է կազմակերպում (եղանակային վատ պայմաններից ելնելով ուղղաթիռի վայրէջք կատարմամբ), այդ մասին դրամատիկ տեսագրությունով ու սրտաճմլիկ խոսքերով հանգստացնելով ժողովրդին, բայց և ժամեր անց «կինո բռնելով» ու թուքումուր ուտելով ոսկեպարցիներից, Բագրատ Սրբազանն իր հերթին ևս «նիկոլամերժ շոու» է իրականացնում, երգ-երաժշտություն, բարձր տրամադրություն ապահովում երևանյան փողոցներում:
Իհարկե, մինչ այդ Սրբազանը հանրությանը պետք է ասի վարչապետի իր թեկնածության մասին, ինչպես նաև տեղեկացնի, որ խնդրել է Վեհափառին՝ սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը, քանի որ դա անհամատեղելի է վարչապետի թեկնածուի կարգավիճակի հետ։
Արդյո՞ք նա է խնդրել Վեհափառին, թե դա վերջինիս հորդոր-առաջարկն է՝ այդքան էլ էական չէ:
Ստացվում է՝ Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը «սառեցվում է»:
Եվ այստեղ է, որ առաջ է գալիս հիմնավոր տարակուսանք.
ի՞նչ է ասել՝ «սառեցնել հոգևոր ծառայությունը»:
Նման եզրույթ ու իրավա-քաղաքա-կրոնական հասկացություն գոյություն չունի:
Գոյություն ունի կարգալույծ լինելու կարգ:
Հետևաբար, սա արհեստական ձևակերպում է ու գործընթաց:
Ակամա մտաբերում եմ Փաշինյանի՝ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման» մասին աբսուրդային հայտարարությունը:
Ուրիշ բան, երբ հրաժարվում ես հոգևոր կյանքից և զբաղվում աշխարհիկ գործով:
Տվյալ դեպքում՝ քաղաքականությամբ:
Այսինքն՝ սա «լյուֆտ է ու պահեստային տարբերակ», որ հետո վերջինս կարող է կրկին վերադառնալ եկեղեցի՞:
Գուցե:
Համենայն դեպս, Մայր աթոռը, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հոգևոր ծառայությունը սառեցնելու» դիմումին, հայտարարել է, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է և միայն դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր.
Սրբազանի երկքաղաղաքացի լինելը սահմանադրական արգելք է:
Չնայած, կարծում եմ՝ նրան ասել են, որ պետք է հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից:
Համենայն դեպս, այդ մասին նա չհայտնեց ժողովրդին:
Եվ այստեղ առկա է գլխավոր հարցը.
Արդյո՞ք ճիշտ է վարչապետի իր թեկնածությունը:
Այս հարցում տարակարծություններն ու հիմնավորումները բազմապիսի են:
Արդյո՞ք ճիշտ չէ շարունակել առաջնորդել շարժումը, բայց վարչապետի թեկնածուն լիներ այն մեկը, որի անունը նա կբարձրաձայներ և որին կերաշխավորեր:
Բնականաբար, այնպիսի անհատի, ով իր տեսակով լիդեր է, ճանաչված ու ընկալելի կերպար է, ինքնաբավ է, իր մաքուր հետագծով ու կենսագրականով վայելում է համաժողովրդական հարգանք ու վստահություն, ով շարժվում է բացառապես ազգային ու պետական շահերով:
Վստահեցնում եմ՝ նման առաջնորդներ կան:
Ավելին՝ Սրբազանը նրանց անձամբ ճանաչում է և քաջատեղյակ է, որ վերջիններս պետական մտածողության, քաղաքական մտքի ու վերոնշյալ արժեհամակարգի կրողներ են ու պատրաստ են մտնել նման պատասխանատվության տակ:
Միգուցե, նա մտադրված է հետո ներկայացնել այդ անձանց և հաջողելու դեպքում՝ իշխանության ղեկը հանձնել նրանց:
Ժամանակը ցույց կտա:
Համենայն դեպս, այս պահին նրա կողքին կանգնած չեն նման մարդիկ, իսկ դա մեղմ ասած՝ լավ չէ:
Ինչևէ, նրա թեկնածության հիմնական ընկալումն ու պատճառը հետևյալն է.
այս պահին նա միակ գործիչն է, ով կարող է հասարակությանը կոնսոլիդացնել ու հասնել Փաշինյանի հեռացմանը:
Այս պահին նա իր առաջ դրել է մի խնդիր՝ սեղմ ժամկետներում ճնշելով ու մաշեցնելով իշխանական ռեսուրսները «բլիցկրիգով» իշխանությունից հեռացնել Փաշինյանին:
Քանի որ իմպիչմենտի ու մանդատ վայր դնելու և այդկերպ խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու իրավական պրոցեսներն այդպես էլ չգեներացվեցին ու կյանքի չկոչվեցին, նա էլ չի սպասելու հերթական ընտրություններին, ապա վերջինիս մնում է արտահերթի գնալու իրավիճակին հասցնել փողոցային պայքարով:
Արդո՞ք նա դա կհաջողի՝ կրկին ցույց կտա ժամանակը:
Համենայն դեպս, այս պահին պարիտետային իրավիճակ է ստեղծվել:
Համաժողովրդական ընդվզման ու ցասման ֆոնի վրա նա կիրառում է փողոցային պայքարի գրեթե նույն գործիքակազմն ու մեթոդները, որոնք ժամանակին Փաշինյանը կիրառեց և դրանք իրենց արդարացրեցին:
Իհարկե, անհասկանալի էր Սրբազանի Փաշինյանի կեցավայր երթով շարժվելու իմաստը, մանավանդ, երբ գիտեր, որ վերջինս կառավարական տանը չէ, այլ գտնվում է Լոռու և Տավուշի աղետի գոտում։
Ինչևէ, անհնազանդության, փողոցային պայքարի, տարատեսակ ակցիաների ու նյարդապայքարի մեկնարկը տրված է:
Միջհամայնքային և երևանյան փողոցները կաթվածահար են, մայրաքաղաքը՝ կոլապսի ենթարկված:
Այս պահին ևս բացակայում է քաղաքական հարթակը, ծրագիրը, լուծումները, օրակարգն ու ճանապարհային քարտեզը:
Հետևենք զարգացումներին…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր