ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հայտնի է` երբ կնշվի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վադավառը
22:41, 23.06.2024 | mamul.am
5797 | 0

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վադավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին։
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր