ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը». Արմեն Այվազյան
01:00, 25.06.2024 | mamul.am
5503 | 1

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս եմ փաստարկել, որ Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն վաղուց ի վեր համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը։
Այդ առթիվ վերջին վկայությունները կապված են ՀՀ-ին ֆրանսիական զենք (մասնավորապես արդիական հրետանային համակարգեր) մատակարարելու կնքված համաձայնագրերի հետ։ Այդ գործարքի դեմ ՌԴ-ն դժգոհում է իր ադրբեջանամետ-թուրքամետ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով, իսկ ԱՄՆ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի շուրթերով։ Վերջինս հայտարարում է, թե «ցավալի է, որ երբ մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում է և առավել բարդացնում բանակցությունները»։ Միաժամանակ ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մեկ բառով անգամ դժգոհություն չեն հայտնում Ադրբեջանի կողմից ահռելի քանակությամբ զենք գնելու, ՀՀ-ի դեմ ամենօրյա սպառնալիքներ հնչեցնելու, Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, հայ գերիներին ազատ չարձակելու կապակցությամբ։ Ընդ որում, Ադրբեջանին շարունակում են զինել ինչպես Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ական պետություններն ու Իսրայելը, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսը, որը վերջին տարիներին դարձել է ՌԴ-ի փաստացի կցորդ-պետություն։
Ավելին, Ջեյմս Ուորլիքը նաև համարձակվում է հայտարարել, թե ՀՀ սահմանադրությունը պետք է, այնուամենայնիվ, փոփոխվի Բաքվի ցանկություններին հագուրդ տալու նպատակով։ Ըստ այս գործչի, պաշտոնական Երևանը պետք է փակ դռների հետևում երաշխիքներ տա Ադրբեջանին, որ վերջինիս հուզող հարցերը լուծվելու են, միայն թե այդ փոփոխությունները պետք է կատարվեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, ոչ թե դրանից առաջ։ Այսինքն՝ դարձյալ պահանջներ են դրվում միայն ՀՀ-ի առջև, բայց ոչ Ադրբեջանի, որի սահմանադրությամբ ՀՀ-ի մեծ մասը կազմում է իր տարածքը։
Իսկ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունելով ողջունում է ՀՀ-ի կողմից Ադրբեջանին ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը՝ իհարկե, այդ կործանարար գործընթացը նենգափոխված կերպով անվանելով սահմանազատում ու սահմանագծում։
Ապշել կարելի է միայն, թե այս ամենից հետո Հայաստանում ինչպես են ռուսամետ ու ամերիկամետ «քաղաքական» խամաճիկային խմբավորումները ցուցադրաբար ամեն օր իրար կոկորդ կրծում՝ չնկատելով իրենց հովանավորող գերտերությունների` Հայաստանի դեմ իրականացվող համաձայնեցված քաղաքականությունը։
Ցավոք, տեղեկատվական ամբողջ դաշտը խստորեն վերահսկվում է այս երկու խմբավորումների կողմից, ժողովուրդը ճշգրիտ վերլուծություն չի ստանում և շարունակում է խարխափել կեղծ օրակարգերի և «կանխատեսումների» տիրույթում»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր