ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է
10:00, 26.06.2024 | mamul.am
2777 | 0

ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է հայազգի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանին՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ Այս մասին սոցցանցում հայտնել է MMA Junkie-ի լրագրող Նոլան Քինգը։

«27-ամյա Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով՝ մինչև 2025թ․ հունվարի 12-ը»,- գրել է նա։

Նրա որակազրկումը կարող է կրճատվել մինչև կես տարի, եթե հոլովակ պատրաստի՝ «բուլինգի դեմ պայքարի» արշավի համար։ Մարտիկը 25 հազար դոլարի չափով տուգանք պետք է վճարի, ևս 470 դոլար՝ դատական ծախսերը հոգալու համար։

Ինչպես նշում է լրագրող Ջոն Մորգանը, հանձնաժողովը համարել է, որ «միջադեպը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ բոլոր մասնակիցների համար», իսկ «կրկնակի խախտումները շատ ավելի խիստ կպատժվեն»։

Ապրիլի 13-ին Լաս Վեգասում Ծառուկյանը ՍFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի դուրս գալու ժամանակ փորձել է տրիբունայում հարվածել միջնամատ ցույց տված երկրպագուին: Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է իր արարքը՝ անթույլատրելի համարելով երկրպագուի պահվածքը։

Ծառուկյանը խառը մենամարտերում իր կարիերայում ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր