ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արխիվային բացառիկ փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանին
19:36, 29.06.2024 | mamul.am
1408 | 0

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր փոխանցեց Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդերին: Այս մասին հայտնում են ինստիտուտ-թանգարանից։

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն արժեքավոր արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, ապա ավելացրել է, որ դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կուսումնասիրվեն և կհրապարակվեն:
Իտալիայում ՀՀ դեսպանն էլ նշել է, որ արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, ով 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին:

ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանն էլ իր խոսքում նշել է, որ հայր Սալվատորե Լիլլին, ով հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին: Նշել է, որ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի հետ համատեղ պատրաստվում են գիրք հրապարակել այս արխիվի ուսումնասիրության հիման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր