Հայազգի հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան, ում ելույթները կարելի է Ռուսաստանի ջազային լավագույն հարթակներում, շուտով կներկայանա Հայաստանի և Արցախի հանդիսատեսին: Համերգին կհնչեն հայտնի և նոր ստեղծագործություններ` երգչուհու և «Միրայֆ» բենդի երգացանկից, ինչպես նաև առաջին անգամ նրա համերգային ծրագրում կհնչեն հայերեն երգեր: Մինչև երևանյան համերգը երգչուհին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում: Կազմակերպիչների փոխանցմամբ` բարձրորակ ջազային երաժշտություն նախընտրող լսարանին սպասվում է շքեղ և անչափ հետաքրքիր համերգային շոու: «Թեև ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց»,- ասել է Մարիամ Մերաբովան: «Միայն շնորհիվ իմ ամուսնու ես բացահայտվեցի։ Նա իմ ուսուցիչն է»,- անկեղծացել է երգչուհին: Նա մասնակցել է ջազային բազմաթիվ հեղինակավոր փառատոնների: Մարիամ Մերաբովան հանրությանն առավել հայտնի դարձավ «Գոլոս» միջազգային մրցույթից, որտեղ «Georgia On My Mind» համաշխարհային հիթի կատարումով միանգամից գրավեց որակյալ երաժշտության սիրահարներին: Ջազային երգչուհու երկար սպասված մենահամերգը Հայաստանում տեղի կունենա ապրիլի 5-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: |