ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է աշխարհահռչակ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինային
17:01, 30.03.2015 | mamul.am
2875 | 0
Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային: Նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Գ. Ղազարյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են նախարարությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մասսայականացման և քարոզչության ուղղությամբ: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հարավային երկիր է, հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ ավանդաբար մնում է շատ բարձր: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում գեղասահքի նոր դպրոցի կառուցման աշխատանքներին առնչվող հարցեր: Ի. Ռոդնինան ուրախությամբ տեղեկացրել է, որ մարզադպրոց ունենալու երազանքը, որը չիրականացավ իր հայրենիքում, կյանքի է կոչվում Հայաստանում: Լեգենդար մարզուհին նշել է, որ սերտորեն համագործակցելու է մարզադպրոցում աշխատող մարզիչների հետ, որոնք էլ իրենց հերթին մեծ սիրով ու պատասխանատվությամբ պատանի մարզիկներին են փոխանցելու իրենց հմտությունները: «Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է, որն աշխարհին հայտնի է նաև իր լեգենդար մարզիկներով»,- ասել է Ի. Ռոդնինան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր