ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հայտարարություն` ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների և երթևեկության սահմանափակումների վերաբերյալ
17:40, 21.04.2015 | mamul.am
8730 | 1
2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա: Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից: Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է` 1) կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար, 2) ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն), 3) ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն: Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման: 2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանարապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով: Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով: 2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին: Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու: Մուտքն անվճար է: 2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ - Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ - Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր