Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի համագումարն ու ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության քվեարկության արդյունքում այդ պաշտոնը 5-րդ անգամ վստահվեց 79-ամյա Յոզեֆ Բլատերին։ Քվեարկությունը սկսվել էր Երևանի ժամանակով ժամը 19։00-ին և տևել 30 րոպե։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել 140 ձայն՝ այսինքն ձայների 2/3-ը։ Ձայների հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Բլատերը, ով գլխավորում է ՖԻՖԱ-ն 1998 թվականից, չի կարողացել հաղթահարել առաջին փուլը՝ հավաքելով 133 ձայն։ Նրա միակ մրցակիցը՝ Հորդանանի արքայազնը, հավաքել է 73 միավոր։ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Սակայն երկրորդ փուլը չի կայացել։ Առաջին փուլում պարտվելուց հետո՝ Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը հանել է իր թեկնածությունը։ «Մենք պարտավոր ենք ոչ միայն պայքարել կոռուպցիայի դեմ, որի մասին վերջերս շատ է խոսվում, այլև պաշտպանենք մեր տունը՝ մեր կազմակերպությունը` ռասիզմից, բռնությունից և խթանիչներից»,- ասել է Բլատերը։ «Այսօր փոփոխությունների գործընթացի առաջին քայլն է։ Մենք պետք է ողջ աշխարհին ապացուցենք, որ ՖԻՖԱ-ի ընտանիքն ապրում է սպորտով և մեզ կարելի է վստահել։ Այդ պատճառով մեզ պետք է նոր առաջնորդ, ով դուրս կբերի այս ծանր իրավիճակից»,- ասել է Ալի Բին Ալ Հուսեյնը։ |