ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Միջազգային մամուլի անդրադարձը ՌԴ-ի՝ զենք գնելու նպատակով ՀՀ-ին տրամադրված 200 միլիոն դոլար վարկի մասին
11:43, 03.07.2015 | mamul.am
11506 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ հուլիսի 2-ին, Հայաստանի խորհրդրանը վավերացրեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով սահմանվում է, որ ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրում 200 մլն դոլարի վարկ՝ ռուսական արտադրության սպառազինություն ձեռք բերելու համար:

Ռազմավարական երկու դաշնակիցների այս գործարքը լայն արձագանք է գտել արտասահմանյան մամուլում՝ հիմնականում հակառուսական շեշտադրումների միջոցով:

«Ռոյթերս» միջազգային գործակալությունը, մեջբերելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արա Նազարյանի խոսքերը, որ այդ գործարքի միջոցով Հայաստանը ձեռք է բերելու մի զինատեսակ, որ մինչ այդ երբևէ չի եղել ՀՀ զինված ուժերում, նշում է, որ այս ամենը հատուկ խաղ է Ռուսաստանի կողմից՝ իր ազդեցությունը Հարավային Կովկասում ավելի ամրապնդելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսաստանն այդ քայլին գնում է, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հարևանությամբ պետություն է և գտնվում է ՌԴ-ի համար կարևոր գազատարների խաչմերուկում: Բացի այդ, այն վերջերս միացել է նաև ՌԴ գլխավորությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը: Գործակալությունը հավելում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի և նրա հարևան Ադրբեջանի միջև ծավալված հակամարտության միջնորդ կողմ:

«Internatioanl Business Times»-ը նույնպես անդրադառնալով այդ գործարքին՝ գրում է, որ դա շահավետ է Ռուսաստանի՝ պատժամիջոցներից առանց այն էլ զգալիորեն տուժած տնտեսությանը: «2014թ. Ղրիմն իրեն միացնելուց և ուկրաինական հակամարտության մեջ ներգավելուց հետո, Ռուսաստանին հաջողվեց սեպ խրել Արևելքի և Արևմուտքի միջև՝ հենվելով հետխորհրդային այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են հատկապես Մոլդովան, Հայաստանը և Բելառուսը: Ուստի այս համատեքստում Ռուսաստանի համար ձեռնտու է զենք վաճառել այդ երկրներին՝ պատժամիջոցներից տուժած իր տնտեսությունն ինչ-որ կերպ վերականգնելու համար»:

«France-Press» գործակալությունն այս առիթով մեջբերել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերը, ով Ռուսաստանի այս քայլի մասին նշել էր. «Ռուսաստանը նաև գերժամանակակից ռազմատեխնիկա է տրամադրում Հայաստանի թշնամի Ադրբեջանին՝ այդ կերպ Հայաստանին ներառելով սպառազինությունների մրցավազքի մեջ: Այդպիսով Ռուսաստանն ստիպում է Հայաստանին իրենից վարկ վերցնել՝ տարածաշրջանում ռազմական տեխնիկայի հավասարակշռությունը պահպանելու նպատակով»:

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ ռուսական ընկերության պատճառով, սակայն, Հայաստանն արդեն երկու շաբաթ գտնվում է ցույցերի կիզակետում. հայերը բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ՝ պահանջելով իշխանությունից չտրվել ռուսական կողմի սադրանքներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր