ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ի՞նչ թյուրիմացությամբ են Արսինե Խանջյանին բերման ենթարկել: Ի՞նչ չի արել Արսինե Խանջյանը, որ արել են մնացած բերման ենթարկվածները». Հրանտ Ենոքյան
12:10, 28.07.2016 | mamul.am
4957 | 4

Երեկ լուր տարածվեց, որ Խորենացի փողոցից բերման է ենթարկվել հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Երեք ժամ անց նրան ազատ են արձակել, ոստիկանությունն էլ հայտնել է, որ դերասանուհուն թյուրիմացաբար են բերման ենթարկել: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ոստիկանները ֆիլմեր չեն նայում, վաստակաշատ հայ դերասաններին չեն ճանաչում՝ դա մեր ոստիկանների դեպքում լրիվ նորմալ է:
Վրդովեցնում և զայրացնում է այստեղ մեկ այլ բան. այդ ի՞նչ թյուրիմացությամբ են Արսինե Խանջյանին բերման ենթարկել: Ի՞նչ չի արել Արսինե Խանջյանը, որ արել են մնացած բերման ենթարկվածները: Նրան տարել էին այն նույն բանի համար, ինչի համար այս օրերին բերման են ենթարկել, ծեծի ենթարկել ու ձերբակալել հարյուրավոր քաղաքացիների: Ո՞րն է այս դեպքում թյուրիմացությունը: Այն, որ ապօրինություն կարելի է կատարել միայն անհայտ երիտասարդ քաղաքացիների, ցուցարարների նկատմա՞մբ: Հայտնի մարդուն ապօրինի բերման ենթարկե՞լն է միայն թյուրիմացություն, իսկ որ օրինակ մի քանի օր առաջ ոստիկանները այլանդակ ձևով փողոցից քաշքշելով տարան Կարո Եղնուկյանի դստրերին, դա թյուրիմացություն չէ՞ր: Որ ոստիկանները մահակներով հարձակվում են ցուցարարների վրա, լուսաձայնային ու ծխային նռնակներ են կիրառում անզեն քաղաքացիների դեմ, դաժանորեն ծեծի են ենթարկում նրանց, դա թյուրիմացություն չի՞:
Սեփական քաղաքացիների իրավունքները ոտնահարելը թյուրիմացություն չի՞: Դա, երևի, սովորական՝ «ունդունելի և հանդուրժելի» գործելաոճ է: Իսկ այ նույն բանը օտարերկրյա քաղաքացու նկատմամբ անելն արդեն թյուրիմացություն է: Սա ամոթալի է և այս, ինչպես նաև ոստիկանական և իշխանական այլ ապօրինություններին պետք է համապատասխան գնահատական տրվի, իսկ նրանք, ովքեր Հայաստանը Սոմալիի կամ այլ կործանված պետության կարգավիճակին են հասցրել, որտեղ իշխանությունից պաշտպանվելու միակ արդյունավետ միջոցը այլ երկրի անձնագիրն է, այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Կեցցե՛ Հայաստանի Ոստիկանապետությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր