ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Վարդգես Գասպարիին բերման ենթարկելուց հետո աղբանոց են տարել. «ՀԺ»
09:55, 29.07.2016 | mamul.am
5503 | 1

Armtimes.com-ի զրուցակիցն է եղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Պարոն Գասպարի, Ձեզ էլ էին չէ՞բերման ենթարկել վերջին օրերին:

Այո, երեկ:

Այն ուղեկցվե՞ց բռնությամբ:

Ուրեմն ինձ Խորենացիում բռնեցին, ոստիկանական մեքենա կար, տարան շպրտեցին ինձ էնտեղ, եկավ Երանոսյանը, փորձեց ինձ սադրել՝ բա էնտեղ լավ ես գոռգոռում, ասա տեսնեմ ինչ ես ասում: Ես իրեն իհարկե արժանի չհամարեցի պատասխանեմ: Ինձ գցել էին ոստիկանական մեքենայի մեջ՝ մոտ 40-50 սմ-անոց մի խուց, դրա հատակին նստած, իսկ ոտքերս դուրսն էր, եթե չեմ սխալվում՝ Երանոսյանն էր, ասաց, որ ոտքերս շրջեն դեպի առաստաղ, ու իմ վնասված ողնաշարով, ինձ երկու տակ արած, փակեցին էդ խցի մեջ: Տևական ժամանակ ինձ պահեցին այդ վիճակում: Հետո արդեն բաժնում ինձ ստիպում էին, որ իմ ոտքով գնամ, ինձ ասեցին բավական է կապիկություն անես, մեկ է՝ կլաուզնիկ ես: Հետո տարան բաժին, կողքը զուգարան կար, գնում էին լվացվելու, գալիս ձեռքներն իմ վրա թափ տալիս:

Ոստիկանության ներքին զորքե՞ր էին տարել:

Չէ, ինձ Կենտրոնի բաժին էին տարել, մոտ 4 ժամ պահեցին, հետո առաջարկեցին լքել ոստիկանության տարածքը, ես բնականաբար չգնացի, ասեցի ոնց բերել եք, նենց էլ տարեք: Իրենք տարան ոստիկանության շենքի հետնամասում գտնվող աղբանոցը, դրեցին էդ աղբանոցում: Այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ էին կատարում, չէի տեսնում, բայց լսում էի, որ հատկապես տարեց մարդկանց ահաբեկում էին, թե ի՞նչ է, եկել եք ահաբեկիչների՞ն ես սատարում: Ինձ թվաց, որ այդ զրույցների ընթացքում մի տարեց մարդու ապտակեցին, բայց դե ինչպես գիտեք էդ մարդիկ սովորաբար չեն արտահայտվում:

Տեղյակ եք երևի, որ երեկ բերման էին ենթարկել հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ինչը կանադական մամուլում սկանդալի է վերածվել, ըստ Ձեզ չե՞ն ճանաչել վերջինիս, թե՞ հրաման էին ստացել, պետք է կատարեին:

Ամեն անարխիայի մեջ էլ կա մի տրամաբանություն, մենք և նրանք, ես կասեի՝ մենք-ը Արսինե Խանջյանն է, իսկ իրան բերման ենթարկողը ոստիկան Մագան է: Սա է մեր սահմանը:

Մեր ազատամարտիկները՝ Սասնա Ծռերը Մոնթեի շառավիղներն են, Մոնթեի բարոյականության կրողն են, որ պատանդներից մեկի բաց են թողնում, որովհետև ալերգիա ունի, մյուսին բաց են թողնում, որովհետև նշանդրեքն է: Իսկ իրավապահները տասնապատիկ անգամ ստոր ու անմարդկային վերաբերմունք էին դրսևորում, սակայն մեր տղաներն իրենց մարդկային դրսևորմամբ ցույց են տվել, որ Մոնթեի շարունակությունն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր