ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Ճգնակեցություն, ինքնազրկում, ամուսնական կյանքից հեռու մնալ քարոզող և մսակերությունը մերժող ուսմունքը
09:47, 27.11.2022
4760 | 0

444 թվականի հունիսի 24 ին Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, տեղի է ունեցել Հայոց եկեղեցու ազգային-եկեղեցական ժողով, որին մասնակցել են 40 եպիսկոպոսներ, վանականներ, երեցներ, սարկավագներ, նախարարներ, ազատներ և շինականներ: Ժողովի գումարման գլխավոր շարժառիթներից մեկը Հայաստանում «մծղնե» անվանված աղանդի կողմնակիցների շատացումն է եղել:

Հիշյալ ժամանակաշրջանի հայ եկեղեցին «մծղնե» անունն է տվել պարսիկ Մանիի հիմնադրած այն աղանդին, որը զրադաշտականության, բուդդայականության, հունական մշակույթի և քրիստոնեության դրույթներով շաղախված մի վարդապետություն է եղել: Մանիի այս վարդապետությունը կամ մանիքեությունը ծնունդ է առել չորրորդ դարում և այդ ժամանակ էլ մուտք է գործել Հայաստան, որտեղ դրա տարածման համար պարարտ հող կար, քանի որ հայությունը դեռ ամբողջովին չէր լքել իր հեթանոսական կրոնը:

Մանիքեությունը մերժել է քրիստոնեական եկեղեցու խորհուրդները, սահմանել է սեռական հարաբերությունների ազատություն և առհասարակ կողմնակից է եղել ազատ մտածողությանը՝ իբրև հակադրություն եկեղեցական կանոնակարգված հայացքների: Եվ քանի որ մծղնեությունը հայության մեջ մեծ տարածում է գտել, այնքան մեծ, որ նույնիսկ եկեղեցականներն ու նախարարական տները զերծ չեն մնացել այս նոր կրոնի խոստացած հրապույրներից, ուստի հայոց եկեղեցին, ինչպես քրիստոնյա աշխարհի մյուս եկեղեցիները, հալածանք է սկսել աղանդի դեմ, անշուշտ, օրինակ վերցնելով մյուս եկեղեցիներից: Շահապիվանի ժողովը խիստ պատիժներ է սահմանել մծղնեականությանը հարողների համար: Եթե մծղնեականությանը հարողները եպիսկոպոսներ կամ քահանաներ են եղել, այդպիսիք կարգազուրկ են արվել և ուղարկվել են ապաշխարության, իսկ նրանց ճակատին աղվեսադրոշմ է խարանվել, որպեսզի ամենքը տեսնեն և զգուշանան: Պատիժ է սահմանվել նաև երեխաների համար, եթե նրանք գիտակցորեն են հետևել իրենց աղանդավոր ծնողներին: Դարձի չեկողներին ծանր տանջանքների են ենթարկել.կտրել են նրանց երկու ոտների ջլերը, անդամալույծ են դարձրել և ուղարկել են ուրկանոցներ, ուր բորոտներն ու այլ վարակիչ հիվանդություններ ձեռքբերածներն են ապրել: Շահապիվանի ժողովի որոշման 19-րդ հոդվածն հայտարարում է. «Ապա եթե տղամարդիկ իրենց կնոջ և երեխաների հետ հարեն աղանդին, ապա կկտրվեն տղամարդկանց, կանաց և երեխաների ջլերը, նրանց ճակատին աղվեսադրոշմ կդաջվի և նրանք ուրկանոց կտարվեն ապաշխարության»: Իսկ անգիտակցաբար աղանդին հարած երեխաները խլվել են իրենց ծնողներից և հանձնվել են եկեղեցու պաշտոնյաներին՝ դաստիարակելու համար:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր