ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Լեհաստանի՝ ընդամենը 5 օր պաշտոնավարած նախագահը. լեհ ազգայնականները նրան «լեհերեն չիմացող հրեաների նախագահ» են համարել
14:46, 10.02.2024
450 | 0

Ներկայիս Լիտվային պատկանող երբեմնի Տեյշե, իսկ այժմ Տելշյայ քաղաքում հաստատված լեհ հողատեր ազնվական և Բրեվիկիայ գյուղի դատավոր Յան Նարուտովիչի ընտանիքում է ծնվել նախորդ դարասկզբի նշանավոր քաղաքական գործիչ Գաբրիել Նարուտովիչը: 1863 թվականի հունվարին Յան Նարուտովիչը մասնակցել է Ռուսական կայսրության դեմ կազմակերպված ապստամբությանը: Ապստամբությունը ճնշելուց հետո ցարական դատարանը նրան մեկ տարվա բանտարկության է դատապարտել: Գաբրիելն ընդամենը մեկ տարեկան է եղել, երբ նրա ապստամբ հայրը մահացել է:

Մայրը՝ Վիկտորիա Շտեպկովսկան, եղել է Յանի երրորդ կինը: Ամուսնու մահից հետո նա չի ամուսնացել և միայնակ է մեծացրել իր որդիներին: Ֆրանսիական Լուսավորության դարաշրջանի գրողներով ու փիլիսոփաներով հմայված կինը մեծ ազդեցություն է ունեցել իր զավակների մտավոր զարգացման ու կրթության վրա: 1873 թվականին նրանք տեղափոխվել են Լատվիայի Լիեպայա քաղաք, որպեսզի նրա որդիներին չստիպեն ռուսական դպրոց գնալ (Հունվարյան ապստամբությունից հետո Լատվիայում տեղի ունեցող ռուսականացումը նվազ խոստությամբ ու հետևողականությամբ է իրականացվել):

Ընտանիքի ազգային պատկանելության երկակիությունը ակնառու է դարձրել Գաբրիելի եղբայրը՝ Ստանիսլավ Նարուտովիչը, որը լիտվական քաղաքացիություն է ընդունել: Առաջին աշխարհամարտի վերջում Ստանիսլավը դարձել է Լիտվայի Խորհրդի (Լիտվայի ժամանակավոր խորհրդարանի) անդամ: Նա եղել է Լիտվայի անկախության հռչակագրի 20 ստորագրողներից մեկը:

Գաբրիելն ուսանել է հիդրոինժեներիա և դասավանդել է Ցյուրիխի Տեխնոլոգիական ինստիտուտում: Ուսանողական տարիներին հարել է «Պրոլետարիատ» կուսակցությանը, իսկ անկախ Լեհաստանի քաղաքական կյանքին սկսել է մասնակցել 1919 թվականից որպես անկուսակցական պատգամավոր: Կարճ ժամանակ անց նշանակվել է հասարակական աշխատանքների նախարար, ապա՝ արտաքին գործերի նախարար: Լեհաստանի Սեյմը նրան ընտրել է հանրապետության նախագահ, որից հետո «Պետության գլուխ հանդիսացող մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին նրան է փոխանցել իշխանությունը»:

Սակայն Նարուտովիչն ընդամենը հինգ օր է զբաղեցրել իր պաշտոնը: 1922 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ Լեհաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության անդամները Վարշավայում ցույց են կազմակերպել ընդդեմ նախագահի ընտրությունների, որը, ինչպես իրենք են պնդել, ընտրվել է բոլշևիկների, հրեաների և գերմանացիների կողմից, և որ լեհերը նրան չեն ընտրել: Այդ նույն օրը, բայց ավելի վաղ, ընդդիմախոսները փորձել են խանգարել նորընտիր նախագահին, որ ներկա լինի սեյմի նիստին: Նրանք փակել են փողոցներն ու ցեխ են շպրտել նախագահական շքախմբի շարասայան վրա:

Նարուտովիչին երբեք դուր չի եկել լայնորեն տարածված պատկերացումն առ այն, որ ինքը հանդիսանում է Լեհաստանի ձախ ուժերի ներկայացուցիչը. Հանգամանքների թելադրանքով նախագահի պաշտոնում նա իր թեկնածությունն առաջադրել է Լեհական գյուղացիական կուսակցության դրոշի ներքո: Ավելին, նա հույս չի ունեցել, որ կհաղթի ընտրություններում (առաջին տուրում նա ստացել է ընդամենը 62 ձայն, մինչդեռ նրա ընդդիմախոս Զամոյսկին ստացել է 222 ձայն):

Պաշտոնակալման առաջին օրերին Նարուտովիչը հանդիպել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների և կարդինալ Ալեքսանսր Կվասնևսկու հետ: Հասկանալով, որ իրեն չի հաջողվելու սեյմում մեծամասնություն ձևավորել՝ Նարուտովիչը փորձել է կազմել սեյմի կողմից չլիազորված կառավարություն և ձախ ուժերի ներկայացուցիչ Զամոյսկուն առաջարկել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Քանի որ Նարուտովիչի ընտրությունը պաշտպանելիս են եղել հրեաները, ուկրաինացիները, լիտվացիները, գերմանացիները և այլ ազգային փոքրամասնությունները և ձախերը, անմիջապես նրա դեմ ծավալվել է ազգայնականների ագրեսիվ արշավը. ազգայնականները նրան «լեհերեն չիմացող հրեաների նախագահ» են համարել

Սակայն պաշտոնավարման հինգերորդ օրը, երբ Գաբրիել Նարուտովիչն այցելել էր Պետական պատկերասրահ, նրա վրա կրակել է աջ ծայրահեղական, մոդեռնիստ նկարիչ և քննադատ Էլիգիուշ Նեվյադոմսկին, որը դատապարտվել է մահապատժի: Դատարանի վճիռն ի կատար է ածվել 1923 թվականի հունվարի 31-ին: Նեվյադոմսկու հուղարկավորությանը 10 հազար մարդ է մասնակցել, և ազգայնական լեհերը նրան նահատակ են հռչակել:

Գաբրիել Նարուտովիչը թաղված է Վարշավայի Սուրբ Հովհաննես տաճարում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
444 | 0
09:44, 13.04.2024
514 | 0
դեպի վեր