ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+19 °C
Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (4)
23:05, 19.02.2024
443 | 0

«Գուցե Սերվիոս Տուլլիոսն իսկապես պլեբեյների դասից է եղել, որին նա ազատություն ու քաղաքական իրավունքներ է ապահովել, քանի որ նրան միշտ համարել են ժողովրդի ստորին ու աղքատ դասակարգի բարերարն ու պաշտպանը»:
Համաձայն Սերվիոսի բարեփոխման՝ հարուստ քաղաքացիները պատերազմի ժամանակ պարտավոր են եղել ավելի շատ քանակության զինվոր տրամադրել պետությանը, քան ոչ հարուստները: Այս կերպ Տուլլիոսը ցանկացել է ամրագրել իր այն համոզմունքը, որ ունևորները պատերազմի ժամանակ պիտի ավելի մեծ ու ծանր լուծ կրեն, քանի որ նրանք իրենց ունեցվածքը պաշտպանելու ավելի մեծ անհրաժեշտություն են ունեցել:
Կարիքավորներն ազատվել են զինվորական ծառայությունից և հարկային բեռից: Համաձայն անտիկ պատկերացումների՝ «ժողովրդական թագավոր» -ն անհրաժեշտ է համարել, որ կարիքավորներն իրենց կարողություններից վեր հարկման չենթարվեն ու չկռվեն ուրիշների հաշվին՝ ինչպես վարձկանները: Միաժամանակ նա աղքատներին օրենքի ուժով զրկել է հասարակական կյանքին իրական մասնակցության և ամբողջ Հռոմի համար պարտադիր որոշումներ ընդունելու հնարավորությունից:

Բացի հետևակից, առավել երևելի մարդկանցից հավաքագրել ու կազմել են 18 (ըստ Տիտոս Լիվիոսի՝ 12) հեծելազորային ցենտուրիա: Ձիու գնման ու պահելու ֆինանսական ծախսերի մի մասը հոգացել են պետությունը և չամուսնացած կանայք, որոնց պարտավորեցրել են համապատասխան հարկ վճարել:

Այսպիսի բաժանումն այնքան էլ շատ չի մեծացրել աղքատ քաղաքացիների դերը Հռոմի քաղաքական կյանքում: Ցենտուրիալ կոմիցիաներում քվեարկությունը տեղի է ունեցել ըստ ցենտուրիաների: Հեծյալներին և առաջին դասին ավելի քան 90 ձայնով հատկացվել է առաջնային դեր օրենսդրական հարցերում: Բացի այդ, պատրիկները պահպանել են սենատորներ, քրմեր, դատավորներ և պատրոններ լինելու արտոնությունը: Նույնիսկ ցենտուրիատային կոմիցիաներում որոշումները ուժ են ստացել միայն կուրիատների հաստատումից հետո: Իսկ կուրիատները կազմված են եղել պատրիկներից: Ելնելով այս իրողությունից՝ պատմաբան Թեոդոր Մոմզենը եզրակացրել է, որ ռեֆորմը քիչ կարողություն ունեցող պլեբեյների վրա դրել է պարտականություններ՝ չտալով նրանց իրավունքներ: Բայց և այնպես Սերվիոս Տուլլիոսը ձեռք է բերել մի այնպիսի թագավորի համարում, որն իրականացրել է հակապատրիկական քաղաքականություն և հովանավորել է պլեբեյներին:

Գուցե Սերվիոս Տուլլիոսն իսկապես պլեբեյների դասից է եղել, որին նա ազատություն ու քաղաքական իրավունքներ է ապահովել, քանի որ նրան միշտ համարել են ժողովրդի ստորին ու աղքատ դասակարգի բարերարն ու պաշտպանը: Հիմնականում խաղաղասեր այս միապետի առաջին հիանալի գործերը եղել են՝ քաղաքի արտաքին սահմանների պարսպապատումը՝ Տարկվինիոսի սկսած պարիսպների կառուցումն ավարտելով, ինչպես նաև պետության ներքին կառույցի ստեղծումը պլեբսի կազմակերպման միջոցով և ցենտուրիալ կառուցվածքի հիմնումը:

Պլեբեյները նրա գահակալության սկզբում դեռ անկազմակերպ, քաղաքական առումով մեռյալ զանգված են եղել: Պետության կառավարման ղեկին միայն պատրիկների դասի ներկայացուցիչներն էին լինում: Բայց պլեբեյները անհամեմատ մեծաքանակ էին պատրիկներից և, ընդհանուր առմամբ, վերջիններին կրթվածությամբ չեն զիջել: Պետության ապագայի համար նույնիսկ վտանգավոր է եղել նրանց քաղաքական բոլոր գործընթացներից հեռու պահելը: Բացի դրանից, պլեբեյներին կազմակերպական կառույցի մեջ դնելը նաև վարչական անհրաժեշտություն է եղել, քանի որ առանց դրա անհնար էր զորքի համալրումն ու հարկահավաքությանը: Այդ նպատակով Սերվիոսը Հռոմի ամբողջ տարածքը բաժանել է 30 շրջանի կամ տրիբուսի (4 քաղաքային և 26 գյուղական տրիբուսի): Շատ հավանական է, որ ոչ միայն պլեբեյները, այլև պատրիկներն ու հաճախորդներն ընդգրկված են եղել այս տեղական տրիբուսներում: Բայց այստեղ պլեբեյներն ունեցել են իրենց առանձնահատուկ բաժանումը՝ այնպես, որ իրենց առանձին հավաքներում (կոմիցիաներում) նրանք իրենց ձայնը տվել են ըստ տրիբուսների: Հենց դա էլ եղել է «Comitia tribute» -ն: Բացի ամբողջ ժողովրդի այս տեղային բաժանումից տրիբուսների, Սերվիոսը նախաձեռնել է նաև պլեբեյների երկրորդ բաժանումը, այն է՝ բաժանումն ըստ դասերի և ցենտուրիաների, ընդ որում նա, ինչպես Սոլոնն Աթենքում, հիմք է ընդունել գույքային կարգավիճակը՝ ցենզը: Ցենտուրիական այս կառուցվածքի ստեղծողը նպատակ է ունեցել մեկ քաղաքական ամբողջության մեջ միաձուլել երկու դասերը և յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց հաշվի առնելու քաղաքացու ծագումն ու դասակարգային պատկանելությունը, այլ հաշվի առնելով միայն քաղաքացու գույքային դրությունը, և նրան իրավունք է վերապահվել մասնակցել ժողովրդական ժողովներին: Այս բաժանմամբ ամբողջ հասարակությունը համարվել է զորք և հետևյալ բաժանմանն է ենթարկվել.

ա) հեծյալներ՝ 18 ցենտուրիաներից, որոնցից 6-ը իրենց կազմում ընդգրկել են հին պատրիկական կրկնակի ցենտուրիաները, իսկ 12-ը եղել են ամենամեծատոհմիկ պլեբեյներից նոր կազմավորված,

բ) հետևակ՝ բաժանված 5 դասի և 170 ցենտուրիայի.

1-ին դաս - 80 ցենտուրիայից՝ առնվազն 100 հազար աս կամ 100 մին ցենզով,

2-րդ դաս - 20 ցենտուրիայից՝ առնվազն 75 հազար ասով կամ 75 մինով,

3-րդ դաս - 20 ցենտուրիայից՝ 50 հազար ասով կամ 50 մինով,

4-րդ դաս - 20 ցենտուրիայից՝ 25 հազար ասով կամ 25 մինով,

5-րդ դաս - 30 ցենտուրիայից՝ 12 հազար 500 ասով կամ 12, 5 մինով:

Եղել են նաև՝

գ) որևէ դասակարգի մեջ չմտնողներ՝ 5 ցենտուրայից, այն է՝

1) զորքի կազմում արհեստավորներ (fabri), երկու ցենտուրիա,

2) երաժիշտներ զորքի կազմում (tubicines cornicines) ՝ 2 ցենտուրիա:

Համաձայն ժամանակակից պատկերացումների, որոնք հիմնված են հնագիտական պեղումների արդյունքների վրա, «Սերվիոսի պարիսպ» -ը, որն իր մեջ ներառել է յոթ բլուրները և Հռոմը դարձրել է «յոթ բլուրների քաղաք» (Septimontium), կառուցվել է մ.թ.ա. 4-րդ հարյուրամյակի առաջին կեսին:

Նկարում՝ Սերվիոսի կառուցած պարսպի պահպանված հատվածը:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
դեպի վեր