ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+19 °C
Ուսուցչի թիկունքին ամուր կանգնած աներկյուղ աշակերտը
13:57, 28.02.2024
514 | 0

Հին Հունաստանի մեծագույն մտածողներից երկուսը՝ փիլիսոփաներ Պլատոնն ու Արիստոտելը, միմյանց ատել են: Նրանց թշնամանքի առիթը եղել է այն, որ Պլատոնին դուր չի եկել Արիստոտելի պահվածքն ու հագուկապը: Արիստոտելը չափազանցված նշանակություն է տվել հագուստին ու ոտնամաններին, բացի այդ, ի տարբերություն Պլատոնի, մազերը խուզել է ու բոլոր մատներին բազմաթիվ մատանիներ է շարել: Արիստոտելի դեմքին միշտ գծագրված է եղել ինքնահավան ամբարտավանությունը, իսկ ճոռոմախոսությամբ նա փորձել է քողարկել իր վարք ու բարքի ունայնությունը: Եվ այս ամենը այն պարագայում, երբ այդ ժամանակաշրջանի հույների համար այդ որակները հարիր չեն համարվել ճշմարիտ փիլիսոփաներին: Այդ իսկ պատճառով Պլատոնն իրենից վանել է Արիստոտելին՝ նախընտրելով Քսենոկրատես Քաղկեդոնացուն, Սպեվսիպոսին, Ամուկլասին և ուրիշ այլ փիլիսոփաների, որոնց նա թույլ է տվել, որ մասնակցեն իր կազմակերպած փիլիսոփայական զրույցներին:

Մի անգամ, երբ Քսենոկրատեսը որոշ ժամանակով լքել է Աթենքը, որպեսզի այցելի իր հայրենի քաղաք, Արիստոտելը, իր աշակերտների ուղեկցությամբ, մոտեցել է Պլատոնին ու սկսել է նրան նեղել: Սպեվսիպոսն այդ օրը հիվանդ է եղել և չի կարողացել ուղեկցել իր ուսուցչին՝ տարիքով պայմանավորված թուլացած հիշողությամբ ութսունամյա ծերունուն: Արիստոտելը չարախնդորեն խոսքակոխ է արել Պլատոնին ու որպեսզի նրան վարկաբեկի, սկսել է ամբարտավանորեն ու խիստ անհարգալից տոնով համառորեն հարցեր տալ նրան: Այդ դեպքից հետո Պլատոնն այլևս դուրս չի եկել իր այգու տարածքից և իր աշակերտների հետ զբոսնել է միայն այդ այգու ցանկապատի մոտ:

Տեղի ունեցածից երեք ամիս անց Քսենոկրատեսը վերադարձել է ու պատահականորեն հանդիպել է Արիստոտելին հենց այն վայրում, որտեղ սովորաբար զբոսնելիս է եղել Պլատոնը: Նկատելով, որ նա զբոսանքից հետո իր արբանյակ ուսանողների հետ գնում է Պլատոնի տան կողմը, Արիստոտելի զրուցակիցներից մեկից հարցրել է, թե որտեղ է Պլատոնը, որովհետև կարծել է, թե հիվանդության պատճառով նա տնից դուրս չի գալիս: «Նա առողջ է, - եղել է պատասխանը, - բայց քանի որ Արիստոտելը նրան վիրավորել է, ապա այլևս այստեղ չի զբոսնում և աշակերտների հետ զրուցում է իր այգում»: Լսելով այս բացատրությունը՝ Քսենոկրատեսն անմիջապես գնացել է Պլատոնի տուն այն պահին, երբ նա շրջապատված է եղել աշակերտներով (դրանք չափազանց շատ են եղել, և բոլորն էլ բավականին հայտնի մարդիկ են եղել): Զրուցի ավարտելուց հետո Պլատոնը ջերմորեն ողջունել է Քսենոկրատեսին, իսկ վերջինս էլ նույնպիսի ջերմությամբ ողջագորվել է իր ուսուցչին: Այս հանդիպման ժամանակ այս աշակերտն ու իր հռչակավոր ուսուցիչը ոչ մի բառ չեն փոխանակել երեք ամիս առաջ տեղի ունեցածի մասին: Հետո Քսենոկրատեսը հավաքել է Պլատոնի աշակերտներին ու զայրույթով նախատել է Սպեվսիպոսին այն բանի համար, որ նա Արիստոտելին ու իր աշակերտներին թողել է իրենց ուսուցչի ավանդական զբոսավայր, այնուհետև հարձակվել է Արիստոտելի վրա ու այքան վճռականորեն է գործել, որ նրանց բոլորին վտարել է այնտեղից ու Պլատոնին է վերադարձրել այն վայրը, որտեղ նա սովորություն է ունեցել ուսուցանել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
դեպի վեր