ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Աղթամար կղզու մասին
21:09, 23.08.2013
16035 | 0
Նախքան Աղթամարի մասին խոսելը, ասենք Վանա լճի մասին, որտեղ գտնվում է Աղթամար կղզին։

Վասպուրականի հմայքը Վանա լիճն է իր ամբողջ ավազանով։

Վանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է ծով և հայտնի է եղել տարբեր անուններով։ Այսպես, օրինակ, «Նաիրի Վերին ծով» (Նաիրի երկրի անունով), «Տոսպա ծով» (համանուն գավառի անունով), «Բզնունյաց ծով» (համանուն նախարարության անունով), «Ռշտունյաց ծով» (Ռշտունյաց տոհմի անունով), «Արծրունյաց ծով» (Արծրունիների տոհմի անունով), «Վասպուրականի ծով» (Վասպուրականի նահանգի անունով), «Արճեշի ծով» (Արճեշ քաղաքի անունով), «Ախլաթի ծով» (Ախլաթ կամ Խլաթ քաղաքի անունով), «Աղթամարի կամ Ախթամարի ծով» (Աղթամար կղզու անունով):

Լիճը հարավից եզերված է Կորդվաց լեռներով, որոնց ամենագեղեցիկ գագաթներից է Արտոսը, արևելքում բարձրանում է Վասպուրականի նահապետ երկգագաթ Վարազը, հյուսիսային մասում վեր է խոյանում հայոց երկրորդ Մասիսը՝ Սիփանը, որից այն կողմ ձգվում են Ալադաղի կամ Ծաղկանց լեռները, արևմուտքում է գտնվում Նեմրութ և պատմական Գռգուռը։ Լճի մակերեսը երեք հազար յոթ հարյուր քառակուսի կիլոմետր է։ Բանձրությունը ծովի մակարդակից 1720 մետր է։ Սևանից մեծ է ավելի քան, երկոս ու կես անգամ, բայց Սևանից ցածր է 194 մետրով (մինչև Սևանի իջեցումը):

Վասպուրականի կլիման մեղմ է՝ շնորհիվ Վանա լճի



բարերար ազդեցության և շրջանի ռելիեֆի կազմության։ Այդտեղ աճում են խաղող (Արճեշում), խնձոր, ընկույզ (Արտամետում) ։ Շատ են հատապտուղները։ Մինչև հայաթափ լինելը լճի ավազանում և հատկապես Վան քաղաքում բնակչության մեծամասնությունը հայեր էին։

Վանա լճում են գտնվում թվով չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր։ Հայ ժողովրդի պատմության մեջ ավելի նշանավոր դեր խաղաց Աղթամարը, որը գտնվում է լճի հարավ-արևմուտքում, ցամաքից մոտ չորս կիլոմետր հեռու, Ավանց գյուղի դիմաց։

Վանա լիճը, Վասպուրականի մարզը, Վան քաղաքը, ինչպես նաև Աղթամար կղզին առանձնահատուկ տեղ ունեն հայ ժողովրդի պատմության մեջ։

Աղթամար կղզին Գագիկ Արծրունու օրոք (X դար) հասել էր իր ծաղկման գագաթնակետին։ Կղզում կառուցված Գագիկ Արծրունու պալատը ս. Խաչ տաճարը դարձան կղզու շինարարության պսակը։ Այդ երկուսից կանգուն է միայն սուրբ Խաչ տաճարը, որը հայ ժողովրդի նյութական կուլտուրայի աննման հուշարձանն է։ Եթե Անին ամբողջապես վերցրած Բագրատունյաց հարստության փառքի վկան է, ապա Աղթամարը, հատկապես նրա ս. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան։

Աղթամար անվան ծագման մասին ժողովուրդն ունի բանաստեղծական ոգով ստեղծված մի գեղեցիկ ավանդություն, որը պատմում է այն մասին, թե ամեն գիշեր սիրահար մի պատանի լողալով հասնում է կղզի, ուր գտնվել է իր սիրելի Թամարը։ Տղային դեպի մութ ու խավար կղզին առաջնորդել է Թամարի վառած խարույկը։ Պատանին, իր սովորության համաձայն, երբ ծովն է մտնում, այս անգամ դեպի իր Թամարը առաջնորդող լույսը չի նշմարում։ Նա ծովում մոլորվում ու խեղդվում է։ Ու կարծես թե ջրահեղձ սիրահարի շուրթերին սառել էին երկու բառ. «Ախ, Թամար» ։ Այսպիսով, ի հիշատակ սիրային այդ հուզիչ պատմության, կղզին կոչվեց «Ախթամար» ։ Այդ անունը ժամանակի ընթացքում ձևափոխվեց և դարձավ «Աղթամար» ։

Սիրային այս գեղեցիկ ավանդությունը դարձել է Հովհաննես Թումանյանի «Ախթամար» լեգենդի սյուժեն։
Հեղինակ` Մեջի Ստուդիո
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մեջի Ստուդիո
21:09, 23.08.2013
16036 | 0
02:07, 20.08.2013
8338 | 0
դեպի վեր