ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մարտիրոս Սարյան, Ամանորյա ուղերձ
23:17, 30.12.2013
4634 | 1





Մարտիրոս Սարյանի ուղերձը` Դու՛ք եք Մեր Նոր Տարին
Ավանգարդ
01.01.1963

Իմ շատ սիրելի երիտասարդներ: Նոր տարվա առթիվ սովորաբար հին խոսքեր են ասում՝ հաջողություն, առողջություն, երկար կյանք… Բայց դրանք ինչքան հին, այնքան էլ նոր են որովհետեւ ազնիվ ու բարի ցանկությունները երբեք չեն հնանում, ինչպես աշխարհի ամեն ազնիվ ու բարի բան: Նոր տարի ասելով, ամենից առաջ ես ձե՛զ եմ տեսնում, իմ շատ սիրելի երիտասարդներ, որովհետեւ նրա պես դու՛ք էլ եք նոր, դու՛ք էլ եք մեզ համար նոր տարի, եւ ձեզնի՛ց էլ, ինչպես ամեն մի նոր տարուց, բոլորս էլ լավ, թարմ ու նոր գործեր ենք սպասում…

Ամենից առաջ ես սրտանց կուզեի, որ էլ ավելի շատ սիրեք աշխատանքն ու արվեստը, որովհետեւ դրանք իրարից անբաժան են, լրացնում եւ օգնում են իրար, որովհետեւ առանց աշխատանքի չկա արվեստ եւ առանց արվեստի չկա աշխատանք: Սիրեցեք հայրենին եւ մայրենին:
Է՛լ ավելի շատ սիրեցեք գրականությունն ու երաժշտությունը, նկարչությունն ու կինոն: Եվ ոչ միայն սիրեցեք, այլեւ աշխատեցեք խորապես զգալ եւ հասկանալ, ապրել նրանցով, դարձնել ձեր առօրյայի անբաժանելի մասը: Ես գիտեմ երիտասարդների, որոնք առօրյա որոշ պրոզայիկ մանրուքներում թաղվելով, չեն կարողանում տեսնել կապու՜յտ երկինքը, պայծա՜ռ արեւը, մի խոսքով՝ գեղեցկությունը:

Իսկ դա տեսնելու համար պետք է նախ եւ առաջ երեւույթներին նայել գեղեցիկ հոգով, երեխայի եւ իմաստունի աչքերով, ամենուր եւ ամեն ինչի մեջ մի լավ բան գտնելու ակնկալությամբ:

Երիտասարդները միշտ էլ համարձակ են: Ես կուզեի ամեն ինչ անեիք այնպես, որ ձեր արած գործը շատ մոտ լինի ժողովրդի սրտին, նրան էլ ավելի վեր տանի եւ բյուրեղացնի…

Այդ բարի ցանկությամբ էլ ՝ ձե՛ր կենացը լինի, սիրելի երիտասարդներ՝ մեր կյանքի նոր տարիներ…
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13100 | 0
01:01, 08.12.2017
29975 | 0
23:45, 27.08.2017
21733 | 0
դեպի վեր