ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Հովհաննես Թումանյան, «Չարի վերջը»
15:02, 11.01.2014
56683 | 0

Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»




Լինում է մի սար,
Էն սարում՝ մի ծառ,
Էն ծառում՝ փչակ,
Փչակում՝ մի բույն,
Բնում՝ երեք ձագ,
Ու վրեն կկուն:
-Կու՜կու՜, կու՜կու՜, ի՛մ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնա՜ք,
Ուրախանա՛ք…
Երգում էր մարիկ կկուն,
Մին էլ, ըհը՜, աղվեսն եկավ.
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
-Երեք հատ ձագ, աղա՜ աղվես:
-Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ու չե՞ս ասել, դու, անամո՛թ,
Մինը ծառա ղրկես ինձ մոտ:
Ձգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
-Վա՛յ, չկտրե՛ս,
Աստված սիրես,
Էս մինն, ահա՛,
Տա՛ր քեզ ծառա,
Միայն թե էսպես
Մի ՛ջնջիր մեզ`
Բնով, տեղով,
Ամբողջ ցեղով:
Խնդրեց մարիկ կկուն և ձագերից մինը ձգեց ներքև:
Աղվեսը` հա՛փ, առավ գնաց:
-Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ լա՛վ կուկու,
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ:
Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ խե՛ղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ կկուն, մին էլ, ըհը՜, աղվեսը հետ եկավ:
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
-Երկու հատ ձագ, աղա՜ աղվես:
-Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՜խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկու՜ հատ ձագ,
Ի՜նչ, ուզում ես էստեղ զոռով
Լցնել ամբողջ կկուներո՞վ…
Ձգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
-Վա՜յ, չկտրե՛ս,
Աստված սիրես,
Էս էլ ա՛ռ տար
Ու թող դադար`
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը` հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
-Վայ՜-վա՜յ, վու՜յ-վու՜յ,
Ինչի՞ համար
Եկա ես սար
Բույն շինեցի,
Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
Տարավ կերավ
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ կկուն:
Էս միջոցին` ղա՜, ղա՜, ղա՜, ագռավն անց էր կենում էդ կողմերով:
Լսվեց կկվի լացի ձայնը:
-Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, կկու՛ քույրիկ:
-Ինչպե՞ս չլամ, ա՜ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներս տարավ, կերավ:
-Վու՜յ իմ աչքին, անխե՛լք կկու,
Ինչպե՜ս իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար աղվեսի…
Ո՞նց թե սարը իմն է` կասի:
Ո՞վ է տվել էն լրբին սար,
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա,
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը` երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի` գնա:
Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց:
Ահա կրկին աղվեսն եկավ.
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է…
Հազիվ էր ասել, կկուն բնից գլուխը հանեց.
-Սո՛ւտ ես ասում, դու խաբեբա՛,
Անխիղճ գազա՛ն, անկո՛ւշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար…
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար` ճիշտ եմ կարծել,
Ձագուկներս տվել եմ քեզ…
Կորի՛, գնա՛, դու չա՛ր աղվես,
Հերի՛ք, ինչքան սուտ ես ասել,
Հիմի գիտեմ, չեմ վախենում էլ.
Կացին չունես` ծառը կտրես:
-Ո՞վ ասաց քեզ:
-Ագռավն ասավ:
-Ագռա՞վը: Լա՜վ:
Ու ագռավի վրա բարկացած` աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվեց, վեր ընկավ, իբրև թե սատկել է:
Ագռավն էլ կարծեց` իրավ սատկել է, թռավ, եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը` հա՛փ, հանկարծ բռնեց:
-Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜,
Աղվես աղա…
-Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՞նց թե կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ…Դե՛, հիմի կա՜ց…
-Վա՜յ, քեզ մեղա՛,
Աղվե՛ս աղա,
Ե՛ս եմ ասել, չեմ ուրանում,
Ինձ քրքրի՛ր, ինձ կե՛ր հում-հում,
Տու՛ր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:
Ես էն սարում, հենց դեմուդեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ո՛չ մի թառում կամ անտառում:
Ինչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի՛ գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքա՜ն ուտես…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ… -Գնա՛նք, - ասավ աղվեսը, - թե կլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ: Գնացին: Վերևից թռչելիս ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը:
Աղվեսին տարա՜վ, տարա՜վ, դուրս բերեց ուղիղ էն թփի վրա:
-Ա՛յ, - ասավ, - էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին: Շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսեց խռխռալ.
-Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ աղվես…
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՛ս…
Ա՜խ, անիրա՛վ…
Դու սև ագռա՛վ…
-Ինչքան էլ որ զգույշ լինես,
Չարի համար թե՛ վաղ, թե՛ ուշ`
Է՛դ է պահված, աղվե՛ս աղա…
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…
Պատասխանեց ագռավն ու թռավ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13223 | 0
01:01, 08.12.2017
30075 | 0
23:45, 27.08.2017
21915 | 0
դեպի վեր